Ապրիլի 20-ին Գյումրիում երթեւեկությունը 3-4 ժամ շարունակ կաթվածահար էր: Քաղաքացիները դժգոհում էին, որ սպասարկող միկրոավտոբուսները գծերում չեն: «Արդեն ուղիղ 1 ժամ սպասում եմ, ո՛չ 12 համար է աշխատում, ո՛չ 26, ո՞ւր են կորել, ո՞ր գետնի տակն են անցել, չեմ իմանում: Ա՛յ քեզ բան, որքա՞ն կարելի է ժողովրդի համբերության բաժակը լցնել, արդեն չի լցվում, թափվում է»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց Գյումրու բնակիչ Նազելի Վարդանյանը: Իսկ Ռիմա Սարիբեկյանի խոսքերով` դեռ երեկվանից իրազեկել էին, որ այսօր միկրոավտոբուսներ չեն աշխատելու: «Մեր հարեւանը 20-րդ համարի գծի վրա է, երեկ ասաց` աշխատանքի չենք, մինչեւ ցերեկ կքշենք ու վերջ, Հանրապետականի քարոզի ենք, մարդկանց Մուշ, Անի թաղամասերից հասցնելու ենք Թատերական հրապարակ: Ա՛յ մարդ, բա մենք ի՞նչ անենք, հարկայինից ստեղ ոտով ենք եկել»:
Միեւնույն ժամանակ միկրոավտոբուսների կուտակումներ էին նկատվում Գյումրու Անկախության հրապարակում: 20, 26, 14, 12 համարի միկրոավտոբուսները շարված էին իրար հետեւից մինչեւ Թատերական հրապարակ: Դրամատիկ թատրոնի հարեւանությամբ էլ ավտոբուսներ էին կանգնած: Իսկ քաղաքի բնակիչները ոտքով էին տեղաշարժվում: Փորձեցինք պատկան կառույցից ճշտել, թե որն է իրավիճակի պատճառը: Գյումրու քաղաքապետարանի մամլո պատասխանատու Լիլիթ Աղեկյանի խոսքերով` տրանսպորտի ոլորտի ներկայացուցիչներն իրենց «Գազել»-ներով եկել են հանդիպման պատգամավորի թեկնածուներից մեկի հետ: Նրա հավաստմամբ` քաղաքում տրանսպորտի պակաս չի նկատվել: «40 հատ ստեղ են շարված, մի 140-ն էլ գծերում են, այնպես որ, պակասը չի զգացվել»,-ասաց Լիլիթ Աղեկյանը:
Ավելի ուշ Գյումրու Դրամատիկական թատրոնի դահլիճը լքեցին հանդիպումը կազմակերպողներն ու մասնակիցները: Թիվ 34 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի մամլո պատասխանատուի խոսքով` հանդիպման կազմակերպիչը Գյումրու քաղաքապետարանն է: Սկզբում ներկայացվել է Հանրապետական կուսակցության, ապա` թեկնածու Արման Սահակյանի ծրագիրը: Իսկ ներկաները հիմնականում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներն էին: Հավանաբար այդ հանդիպմամբ պայմանավորված` երեկ Գյումրու շատ նախակրթարաններում հայտարարված էր ազատ օր: «Էրեխեքն այսօր ազատ են, հարցնում եմ` ինչ օր է, որ ազատ են: Գումարը կանխիկ պահանջում են, ուրբաթ օրով ինչի՞ են տուն ճանապարհում, ասում են` ժողով է, կուսակցական, բոլորը ներկա են գտնվելու»,-ասաց Գյումրու բնակչուհի Ելենա Սավոյանը, որը մանկապարտեզային տարիքի 2 երեխա ունի: Հանդիպումից հետո նախակրթարանների եւ սպորտդպրոցների աշխատակիցները մեզ վստահեցրին, որ իրենց հրահանգված է եղել այդ օրը գործերն այնպես կազմակերպել, որ պարտադիր ներկա գտնվեն Հանրապետական կուսակցության ժողովին:
ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ք. ՄԿՐՏՉՅԱՆ