«ՀԱՇԻՎ ԵՆՔ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքում անդրադարձավ ընտրությունների վերահսկման միասնական շտաբին: Ըստ նրա՝ մինչեւ դրա ստեղծումը Կոնգրեսին ներկայացնում էին, որ չի համագործակցում ընդդիմության մյուս ուժերի հետ: Իսկ երբ ՀԱԿ-ը սկսեց միասնական շտաբի շրջանակում համագործակցել, անմիջապես իշխանական լրատվամիջոցները եւ ժամանակին անկախ համարվող լրատվամիջոցներն ու քաղաքագետները սկսեցին քննադատել Կոնգրեսին: «Դա ունի մեկ նպատակ՝ պահպանել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի արյունոտ ռեժիմը»,-ասաց նա: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ այդ քննադատների խնդիրը «Ադրբեջանի նկատմամբ տարած հաղթանակից ավելի, այդ շտաբի հանդեպ տարած հաղթանակն է»:  Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ շտաբի անդամ կուսակցությունները եթե անկեղծորեն համագործակցեն, ապա Սերժ Սարգսյանը երբեւէ չի կարող հաղթել:
Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաեւ ռեժիմի հանցանքներին: Ըստ նրա` առաջին եւ ամենամեծ հետեւանքը արտագաղթն է: Նրա խոսքով՝ քոչարյանասերժական ռեժիմի հետեւանքով հայրենիքը լքել է 1 միլիոն մարդ: Այդ թիվը համեմատելի է Օսմանյան Թուրքիայի՝ Ցեղասպանության եւ արտաքսման հետ: «Այդ մարդիկ, որ աշխարհից պահանջում են ճանաչել հայոց Ցեղասպանությունը, իրենց երկրի ներսում գրեթե նույն ցեղասպանությունն են իրականացնում: Եւ սա ես չեմ ասել, սա ասել է, ուշադրությո՛ւն դարձրեք, Սերժ Սարգսյանի նշանակած Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը»,-հայտարարեց Տեր-Պետրոսյանը: Նրա կարծիքով՝ ռեժիմի մեկ այլ հետեւանք է կոռուպցիան: Ըստ առաջին նախագահի՝ Հայաստանի տնտեսության մեջ կոռուպցիայի, ստվերային տնտեսության վերաբերյալ կան միջազգային ուսումնասիրություններ եւ գնահատականներ, ըստ որոնց` Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է Հայաստանի տնտեսության երկու երրորդը, այսինքն` մեկ երրորդը մտնում է բյուջե, իսկ մյուս մասը` թալանվում: Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե այդ փողը մտներ բյուջե, ապա այսօր էլ հնարավոր էր կրկնապատկել թոշակներն ու նպաստները, եռապատկել ռազմական ծախսերը, գիտության ծախսերը, աշխատավարձերը: «Եւ այս մարդիկ, որ թալանում են իրենց երկիրը, ուզում են Ադրբեջանի՞ն հաղթել երկրորդ անգամ»,-հայտարարել է Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա` ամենակարեւոր հանցանքներից մեկն էլ ժողովրդի անպաշտպանությունն է: Նրա կարծիքով՝ խոսքն այն մասին է, որ երբ որեւէ քաղաքացի մի խնդիր է ունենում մի հանցագործի հետ, չի համարձակվում դիմել ոստիկանին, դատարանին, որովհետեւ ով դիմեց` նա է դառնում մեղադրյալ: Ոստիկանությունն ու դատարանն անմիջապես գործարքի մեջ են մտնում հանցագործի հետ եւ մեղավոր ճանաչում տուժող քաղաքացուն:
Տեր-Պետրոսյանն ասել է նաեւ, որ այս ընտրարշավում տարօրինակ կերպով բանավեճից դուրս է մնացել արտաքին քաղաքականությունը: Նա նշել է, որ Հայաստանը արտաքին քաղաքական երկու կարեւոր հարց ունի՝ հայ-թուրքական կարգավորում եւ Ղարաբաղի հարց: Աշխարհի որեւէ այլ երկրի հետ մենք խնդիր չունենք, եւ եթե որեւէ երկրի հետ պրոբլեմ էլ ստեղծվում է, ապա միայն այս երկու խնդիրների պատճառով: Եւ եթե այդ երկու խնդիրները լուծվեն, ապա Հայաստանը, կարող է աշխարհի ամենաերջանիկ պետությունը դառնալ: Տեր-Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանը գերտերությունների համար ոչ մի ուրիշ հետաքրքրություն չի ներկայացնում, այդ երկու խնդիրներից բացի:
Ըստ Տեր-Պետրոսյանի` ամենախայտառակ նախագահը նա չէ, որ լեգիտիմ չէ, կոռումպացված է, այլ որ կարող է այդ ղեկավարը խաբվել իր հակառակորդին եւ վտանգի տակ դնել իր երկիրն ու ժողովրդին: Սերժ Սարգսյանը խաբվեց Թուրքիային` ընդունելով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման պահանջը: Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե չի վախենում դրանից եւ եթե գա իշխանության, կգտնի դրա լուծումը:
Խոսելով ներքաղաքական խնդիրների մասին` Տեր-Պետրոսյանը նշեց, թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը այս երկրում ոչ մի ձայն չունեն: Ըստ նրա՝ իրենք պայքարեցին արտահերթ ընտրության համար, ամեն ինչ արեցին, բայց չստացվեց, սակայն դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել պայքարը, պետք է շարունակեն նախ խորհրդարանական, հետո նախագահական ընտրություններում:
«Կոնկրետ՝ մտնում ենք խորհրդարան, եթե Հայ ազգային կոնգրեսը մեծամասնություն է ստանում, հենց առաջին իսկ նիստում բարձրացնում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Եթե մեծամասնություն չենք ստանում, բայց մեր կողքին լինում են ուժեղ ընդդիմադիր խմբակցություններ եւ նրանք համաձայնում են մասնակցել մեր նախաձեռնություններին, մենք նորից, միեւնույն է, բարձրացնում ենք Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Եթե դա էլ չի լինում, բայց մենք ունենում ենք լուրջ խմբակցություն, մենք խորհրդարանը դարձնելու ենք ցատկահարթակ նախագահական ընտրությունների համար: Եւ իմացե՛ք, եթե Կոնգրեսը հզոր էր փողոցում, դրան գումարելով խորհրդարանական մի ուժեղ խմբակցություն՝ Կոնգրեսի ուժը տասնապատկվելու է: Եւ բնականար լինելով կառուցողական ուժ՝ մենք պետք է օգտագործենք խորհրդարանի բոլոր հնարավորությունները: Մենք պետք է խորհրդարանում կառուցողական օրենսդրական գործունեությամբ զբաղվենք: Ցանկացած բարեփոխման, ցանկացած օրենքի կատարելագործման մենք կողմ ենք լինելու, եթե այդ օրենքները նպաստելու են մեր երկրի եւ ժողովրդի բարգավաճմանը: Բայց եթե մեր առարկություններն ու առաջարկությունները չընդունվեն, մենք դեմ ենք քվեարկելու այդ օրենքներին: Մենք չենք մասնակցելու իշխանության հանցագործություններին: Սա աշխարհի բոլոր երկրներում ընդդիմության գործունեության նորմալ ձեւ է: Եւ երկրորդը` խորհրդարանը մենք դարձնելու ենք իրական հակակշիռ գործադիր իշխանությանը: Մենք գիշեր-ցերեկ ցանկացած վարչապետի, նախարարի, գերատեսչության ղեկավարի հրավիրելու ենք եւ հաշիվ ենք պահանջելու ամեն ինչի համար, Վովա Գասպարյանը, Աղվան Հովսեփյանը խորհրդարանից դուրս չեն գալու եւ լինելու են մեր հարցերի տարափի տակ»,-ասել է նա:
Տեր-Պետրոսյանը ՌԴ Պետդումայի օրինակն է բերել, որտեղ կանչել էին ՆԳ նախարար Նուրգալիեւին, եւ ըստ Տեր-Պետրոսյանի` պետք էր տեսնել, թե ինչ վիճակի մեջ գցեցին նրան: Ըստ ՀԱԿ առաջնորդի՝ եթե այդպես հաշիվ պահանջեն, անգամ այս գող, ավազակ իշխանությունը չի կարող անել այն, ինչ մինչեւ հիմա արել է, մինչեւ նրանցից վերջնականապես ազատվելը:
Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե խորհրդարանը չլիներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գրպանում, ապա նրանք նախագահ չէին դառնա: «Հիմա մեր խնդիրն է խորհրդարանը հանել իշխանությունների գրպանից, եւ այդ դեպքում Սերժ Սարգսյանը ծոծրակը կտեսնի, նախագաի աթոռը չի տեսնի,-հայտարարել է Տեր-Պետրոսյանը:-Ուրեմն, «Ոչ մի ձայն ավազակապետությանը» մեր կարգախոսը չպետք է մնա ձայն բարբառոյ յանապատի: Մայիսի 6-ը այն հիմքն է, որ ինձանից պահանջում էիք, դե ուրեմն արե՛ք այն, ինչ պահանջում էիք: Մայիսի 6-ը դառնալու է հայ ժողովրդի փրկության, արժանապատվության վերականգնման եւ աշխարհի երկրների շարքում մեր պատվավոր տեղը ձեռք բերելու օրը, եւ դա անելու եք դուք: Ով ձայն տվեց Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, նա դառնում է սեփական երկրի կործանման միջոցը: Մայիսի 6-ը մի Սարդարապատ է, հայ ժողովրդի նոր Սարդարապատը, նոր Բաշ-Ապարանը»,-հայտարարել է Տեր-Պետրոսյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս