ԱՄԵՆԱԱՂՔԱՏԸ ՄԱՐՔՍԻՍՏՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում  առաջադրված է 4 թեկնածու: Նրանք ԸԸՀ են ներկայացրել իրենց ունեցած եկամուտների` դրամական միջոցների, անշարժ եւ շարժական գույքի հայտարարագրերը, որոնցից պարզ է դառնում, որ թեկնածուներից «ամենաաղքատը» Հայաստանի մարքսիստական կուսակցության  առաջնորդ Դավիթ Հակոբյանն է: «Գլխավոր մարքսիստն» աշխատում է Երեւանի թիվ 2 պոլիկլինիկայում` որպես թերապեւտիկ բաժնի վարիչ: 2011թ. նա ամսական 90.000 դրամ աշխատավարձ է ստացել եւ 36.000 դրամ թոշակ: Եկամուտները հայտարարագրելու ժամանակ Դ. Հակոբյանի  եկամուտները կազմել են 300.000 դրամ: Բացի այդ, Դ. Հակոբյանը Երեւանում ունի 4-սենյականոց բնակարան, ավտոտնակ, ամառանոցային առանձնատուն եւ 500 մ հողամաս Պտղնիում: Ունեցվածքի չափով նախավերջին տեղում է մասնավոր մի ընկերությունում մատակարար աշխատող անկուսակցական Սպարտակ Հարությունյանը, ում թեկնածությունը պաշտպանում է ՀԱԿ-ը: Նա Կոտայքի մարզի Նոր Գեղիում ունի 2 տարածք` 791 քառակուսի մետր եւ 0,43 հա մակերեսով, նաեւ` 3  ավտոմեքենա, որոնցից մեկը` «Մերսեդես Բենց-300» մակնիշի: Ս. Հարությունյանի դրամական եկամուտներն անցած տարի կազմել են ստացած  996.000 դրամ աշխատավարձը եւ 427.000 դրամ թոշակը: Հայտարարագիրը լրացնելու օրը նա եկամուտների չափ չի ներկայացրել, հավանաբար դրանք չկան:
Ըստ հարստության`  «2-րդ տեղն» է  զբաղեցնում ՕԵԿ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար, Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը: Նա  հայտարարագրել է Երեւանում եւ Իջեւանում ունեցած տները` համապատասխանաբար 76 եւ 136 քառակուսի մետր մակերեսներով, 0,053 հա մակերեսով հողամաս Իջեւանում եւ 0,0803 հա` Դիլիջանում: Վ. Վարդապետյանն ունի 2 ավտոմեքենա` «ԳԱԶ -34029» եւ «ՎԱԶ-2170» մակնիշների: Նա անցյալ տարի որպես մարզպետի տեղակալ ստացել է 1 մլն 986.000 դրամ աշխատավարձ: Վահե Վարդապետյանին է պատկանում «Իջեւանի ԲՈՒԱՏ» ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսը:  Եկամուտների հայտարարագրման պահին նրա եկամուտները կազմել են 10 մլն դրամ եւ 43.000 ԱՄՆ դոլար:
Եկամուտների առումով «առաջատարն» ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանն  է: Նա հայտարարագրել է 10 հողամաս Դիլիջանում, հողամաս Բերդում եւ 14 շենք-շինություն` Երեւանում ու Դիլիջանում: Նրան են պատկանում  4 ավտոմեքենա, այդ թվում` «Մերսեդես Բենց-500» մակնիշի: Հակոբ Հակոբյանին է պատկանում «Երեւանի գարեջուր» ՓԲԸ արժեթղթերի 49,98 տոկոսը: Նա եւս 10 ընկերությունում 45-100 տոկոս սեփականություն ունի:  Անցած տարի Հ. Հակոբյանը` որպես պատգամավոր, ստացել է 3 մլն 135.000 դրամ աշխատավարձ, նաեւ ավելի փոքր չափով եկամուտներ է ունեցել տարբեր ՍՊԸ-ներից: Հայտարարագրման պահին Հ. Հակոբյանի եկամուտները կազմել են պատկառելի գումար` 1 միլիարդ 900 միլիոն դրամ:  Ունենալով նման եկամուտներ եւ ՀՀԿ-ի  աջակցությունը` հեշտանում է պատգամավոր վերընտրվելու գործը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս