ՀԱՐՑ. Ամուսինս 2008թ. հանկարծակի հիվանդացավ եւ հիմա առաջին կարգի հաշմանդամ է: Աշխատանքային գրքույկն ու մնացած փաստաթղթերն ուղարկեցինք սոցբաժին, եւ 19 հազար դրամ թոշակ ստացավ: Արդյոք առաջին կարգի հաշմանդամներն այդքան քիչ թոշակ են ստանում: Ասեմ, որ «Երկրապահ»-ի անդամ է, պատերազմի մասնակից: Քանի որ վիճակը շատ վատ էր, գնացի արտոնյալ թոշակի (62 տ. 6 ամիս լրանալու դեպքում): Ունեմ 42 տարվա ստաժ, 2008թ. օգոստոսին փաստաթղթերս ուղարկեցի ու ստացա 29 հազար դրամ թոշակ: Հետո, իմ դիմումի համաձայն, դարձա ամուսնուս խնամակալը: Մինչ օրս չհասկացա` որն է խնամակալության դերն ու նշանակությունը: Առայսօր ծախսում եմ 15.000 դրամ դեղերի համար եւ սպասում, թե կառավարությունը երբ պետք է 2500 դրամ ավելացնի: Խնդրում եմ անդրադառնալ իմ բոլոր հարցերին:
տնային տնտեսուհի
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Հայտնում ենք, որ ինչպես 2003թ. ապրիլի 1-ից ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի, այնպես էլ 2011թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակառուն ներկայացրել է տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք` օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:
Ելնելով վերոգրյալից` կենսաթոշակ նշանակելուց հետո 1-ին խմբի հաշմանդամ խնամելու համար աշխատանքային ստաժ հաշվարկելու եւ խնամողի կենսաթոշակը վերահաշվարկելու մասին Ձեր խնդրանքը բավարարել հնարավոր չէ:
ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս օրերին նախընտրական քարոզչությունը նաեւ սոցիալական ոլորտը եւ կենսաթոշակային համակարգը բարեփոխող բազմաթիվ առաջարկներ է ներառում: Մնում է հուսալ, որ հատկապես անապահով խավին մեծապես հուզող այս հարցը խոստացվող բարեփոխումների շրջանակում փոքր-ինչ ավելի պարզ ու քաղաքացու շահերից բխող կդառնա: