Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումը կիսատ է մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

12-13-րդ դարերին կառուցված Գոշավանքը եղել է նշանավոր հոգեւոր, կրթական, մշակութային կենտրոն: Վանական համալիրի հնամենի տեսքին հարիր չեն ապակե գմբեթները, որոնք հոգեւոր կառույցին ժամանակակից տեսք են տալիս: Այդ գմբեթները տարիներ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հովանավորությամբ կառուցվել են, որպեսզի անձրեւները եւ ձյունը ներս չլցվեն եւ համալիրը չքանդվի:
Նախագահական վերջին ընտրություններից առաջ, Տավուշի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 26-ին այցելեց նաեւ Գոշավանք եւ այնտեղ մոմ վառեց :

Այդ ժամանակ «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի նախկին վարիչ, Գոշի բնակիչ Արծրուն Հովսեփյանը երկրի ղեկավարին ներկայացրեց վանական համալիրի նորոգման խնդիրը: 2013թ. հոկտեմբերի 24-ին պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվեց հոգեւոր համալիրի մաս կազմող Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումը:
Ներկայում, սակայն, վանական համալիրում նորոգման աշխատանքներ չեն կատարվում: Գոշ համայնքի ղեկավար Գեւորգ Ամիրխանյանը նշեց, որ անցյալ տարի հատկացված ֆինանսավորմամբ որոշակի աշխատանքներ կատարվել են, մինչդեռ այս տարվա պետբյուջեից համալիրի նորգման նպատակով հատկացված միջոցները դեռ չեն տրվել: Գյուղապետի խոսքով՝ այս տարվա հատկացումը կարվի սեպտեմբերի 20-ին եւ վանական համալիրի վերանորոգումը կշարունակվի:

Նշենք, որ ամեն տարի Գոշավանքում մոմավաճառությունից, տարբեր առարկաների վաճառքից հոգեւորականները շուրջ 25 միլիոն դրամ հասույթ են ունենում: Սակայն այդ գումարից վանական համալիրի նորոգման համար մասհանում չի արվում: Գյուղապետից հետաքրքրվեցինք, թեՄխիթար Գոշի դամբարանի նորոգումը ե՞րբ է ավարտվելու: Նա ասաց, որ մնում է դամբարանի գմբեթի կառուցումը, որից հետո կառույցն ավարտուն կլինի: Նշենք, որ Մշակույթի նախարարության կողմից դադարեցվել է Գոշավանքի թանգարանի գործունեությունը, որի ցուցանմուշները տեղափոխվել են Դիլիջան քաղաք՝ տեղի թանգարանի նկուղ:

Գ. Ամիրխանյանի վկայությամբ՝ Մշակույթի նախարարությունը որոշել է Գոշ գյուղում փայտաշեն թագարանի փոխարեն քարե շենք կառուցել, այդ պատճառով էլ ցուցանմուշները ժամանակավորապես տեղափոխվել են:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս