Վիկիլիքսյան հրապարակումներից հերթականը թեպետ վերաբերում է հեռավոր 2005թ.-ին, այդուհանդերձ, պատմում է բավականին հետաքրքիր հանդիպման մասին: Փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոն Էվանսն է, ով ներկայացնում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրայդի եւ այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները:
ԱՄՆ պետդեպին ուղարկված զեկուցագրում դեսպանը քննարկում է 2005թ. նոյեմբերի 2-ին տեղի ունեցած հանդիպումը, ուշագրավ մեջբերումներ կատարում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի եւ ՀՀ ՊՆ ղեկավարի խոսքից: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը դեռեւս այն ժամանակ զրույցի ընթացքում շեշտել է, որ Հայաստանի զարգացման ուղին բացառապես եվրոպականն է եւ մեր երկիրը եվրոպական ընտանիքի մի մասնիկն է:
Այսպես, ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ամերիկացի պաշտոնյան նշել է, թե իր կարծիքով՝ հայ-ամերիկյան հարաբերությունները «չիրացված մեծ պոտենցիալ ունեն», որը պետք է գործարկել նաեւ տարածաշրջանի երկրների հետ համագործակցության միջոցով: Ֆրայդը, անդրադառնալով ԱՄՆ կողմից գունավոր հեղափոխությունները հրահրելու մեղադրանքին, հայտարարել է, որ իրենք առավելապես կողմնակից են ուժեղ ու հիմնարար վերափոխումներին: Նա ավելացրել է, որ Հայաստանը շարժվում է դրական ուղով, թեպետ նրա հարեւանները կարծես «հետաքրքիր ընթացքի մեջ են»:
Ակնհայտ է, որ Ֆրայդը ակնարկել է Վրաստանը, որը «վարդերի հեղափոխություն »-ից հետո տվյալ ժամանակափուլում արդեն իսկ բռնել էր արագ ու անհրաժեշտ վերափոխումների ճանապարհը: Դիվանագետը Սերժ Սարգսյանին կարծես հասկացրել է, որ Հայաստանն այլընտրանք չունի տարածաշրջանի ընթացքին հետեւելու հարցում:
Այստեղ Սերժ Սարգսյանը խոսկացությանն ավելի հետաքրքիր ընթացք է հաղորդել՝ նկատելով, որ Հայաստանը հաստատակամ է իր ընտրության մեջ եւ վճռական ուղղություն է վերցրել դեպի Եվրոպա: Սարգսյանն իր խոսքերը հիմնավորել է այն իրողությամբ, որ հայերն իրենց համարում են եվրոպական ընտանիքի անդամ, ու նույն արժեքների կրողն են: Այդուհանդերձ, Հայաստանի հապաղումը Սարգսյանը բացատրել է այն հանգամանքով, որ մեր երկիրն «առայժմ որոշ հարցերի պատասխաններ ստանալու կարիք ունի»:
Փաստաթղթում անդրադարձ չկա, թե կոնկրետ ինչ հարցերի պատասխանների էր սպասում Սերժ Սարգսյանը, բայց տպավորությունն այնպիսին է, որ այդ ուղղության հաջող ընթացքին խանգարում էր Ռուսաստանը: Հատկանշական է, որ Սարգսյանը՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ավելի առարկայական դարձրեց Հայաստան-Եվրոպա հարաբերությունները՝ մասնակցելով «Արեւելյան գործընկերություն» ծրագրին: Սակայն, հավանաբար, վերը նշված որոշ հարցերի պատասխաններն այդպես էլ չստանալով՝ Սարգսյանը կրկին հանգրվանեց Կրեմլի ճամբարում՝ «հաղթականորեն» մոռանալով եվրոպական ուղղության եւ այդ ընտանիքի անդամ լինելու մասին սեփական հրապարակային ու մասնավոր հավաստիացումները:
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը Ֆրայդի հետ զրույցում չի շրջանցել նաեւ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների թեման: Սերժ Սարգսյանը նկատել է, որ Հայաստանն իրեն բավականին լավ իրավիճակում է տեսնում, եթե Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, կարգավորված են ու բարելավված: Սարգսյանը հավաստիացրել է, թե իբր Հայաստանը երբեւէ չի էլ մտածել օգտվել երկու գերտերությունների հակասություններից:
Այնինչ՝ դիվանագիտության կարեւոր կանոններից մեկն էլ օտար երկրների հակասություններից օգտվելն ու դրանք սեփական շահերին զուգահեռելն է: Եվ եթե Սարգսյանը չի փորձում դրանցից օգտվել, օրինակ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանի համար շահավետ արդյունքների հասնելու հարցում, ապա նա ինչպե՞ս է պատկերացնում երկրի արտաքին քաղաքականությունը: Թե՞ նրա ու նրա ներկայիս ԱԳ նախարարի համար արտաքին քաղաքականությունը հարմարվողականությունն ու «վերջում մի բան կլինի» բանաձեւն է, որը մեր երկիրը հասցրել է ներկայիս տխուր կարգավիճակին:
Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը հակասություններից չօգտվելու իր տեսության շրջանակներում արձանագրել է, որ Հայաստանը թույլ ու փոքր երկիր է, որի համար աշխարհաքաղաքական անգամ ամենամանր խնդիրները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ: Նախ եւ առաջ հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանը ներկայացնող պաշտոնյան ուղղակի իրավունք չունի սեփական երկիրն օտարների առաջ ներկայացնել որպես փոքր ու թույլ, որքան էլ այն այդպիսին լինի: Կարելի է եզրակացնել, որ Սարգսյանի հարմարվողականության քաղաքականության հիմքը հենց այստեղ է: Այս պարագան ակնհայտ դարձավ նաեւ վերջերս Ղրիմի հետ կապված ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ, երբ Սարգսյանը Հայաստանը տեղակայեց փոքրամասնության մեջ՝ վնասելով Ուկրաինայի եւ Արեւմուտքի հետ մեր հարաբերություններին:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ