Ժողովուրդը միշտ էլ սպասում է իմ վերադարձին. Ս. Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկվանից Գորիսի 6-րդ դպրոցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հորեղբորորդին՝ Սասուն Խաչատրյանը հանձնարարել է ստորագրահավաք սկսել ի պաշտպանություն Ս. Խաչատրյանի: Հավաքված ստորագրությունները ցանկանում են ուղարկել Սերժ Սարգսյանին ու խնդրել, որպեսզի նա կրկին Սյունիքի մարզպետ նշանակի Սուրեն Խաչատրյանին:

«Ժողովուրդ»-ը հեռախոսազրույց է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչու են նրա հարազատները նման քայլի դիմում:

-Պարոն Խաչատրյան, տեղեկություններ կան, որ Ձեր հարազատները Սյունիքի մարզում ստորագրահավաք են սկսել, որի արդյունքները պատրաստվում են ուղարկել Սերժ Սարգսյանին` Ձեզ նախկին պաշտոնում նշանակելու խնդրանքով։ Ընդ որում, նշվում է, որ ստորագրությունները հավաքագրվում են ստիպողաբար: Ինչո՞ւ եք նման բան թույլ տալիս:

-Ախր ապուշ տեղեկություններ են տարածում, ես հիմա մի տեղում նստած եմ ու որեւէ նման տեղեկություն չգիտեմ: Առաջին անգամ ձեզանից եմ նման ինֆորմացիա լսում: Ուղղակի մարդիկ անիմաստ տեղեկություններ են տարածում, որն իրականության հետ որեւէ կապ չունի:

-Նշվում է, որ այդ ստորագրահավաքը կազմակերպել է Ձեր հերեղբորորդին՝ Սասուն Խաչատրյանը, ում կինը Գորիսի 6-րդ դպրոցի տնօրենն է: Տեղեկություններ կան, որ դպրոցի տնօրենը ստիպում է, որպեսզի ուսուցիչներն հօգուտ Ձեզ ստորագրահավաք անեն:

-Հիմա Սասուն Խաչատրյանը կողքս նստած է ու չեմ կարծում, որ առանց ինձ տեղյակ պահելու նման բան աներ: Չկա նման բան, մարդիկ ուղղակի խոսում են, նման տեղեկություններ են տարածում: Դրանց պետք չէ ուշադրություն դարձնել:

-Այնուամենայնիվ, դժվար թե հերքեք, որ Դուք այսօր ամեն ինչ անում եք, որպեսզի Սերժ Սարգսյանը Ձեզ կրկին վերանշանակի Սյունիքի մարզպետի պաշտոնում: Խոսակցություններ կան, որ Ձեր թեկնածության համար Սերժ Սարգսյանի մոտ տարբեր շրջանակների կողմից լոբբինգ է արվում: Իսկ նախօրեին էլ Դուք գնացել էիք ՀՀԿ ԳՄ նիստին՝ հուսով, որ Ձեր նշանակման հարցը կորոշվի: Ի վերջո, ի՞նչ որոշվեց: 

-Չէ, չէ, նման բան չկա, դա հերյուրանք է: Նիստն ի՞նչ կապ ունի դրա հետ:

-Բայց հույս ունե՞ք, որ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում Ձեզ է նշանակելու:

-Ես չեմ կարող նման բան ասել:

-Իսկ ըստ Ձեզ, սյունեցիները սպասո՞ւմ են Ձեր վերադարձին:

-Միշտ էլ ժողովուրդը սպասում է:

-Այսինքն` վստա՞հ եք, որ Ձեր նշանակման դեպքում ընդվզում չի լինի: Տեղեկություններ կան, որ այդ դեպքում մարզի ժողովուրդը պատրաստ է բողոքի ակցիաների դուրս գալ:

-Չէ, չէ այդպիսի բան չի լինի, որովհետեւ մեկ- երկու խելքից մի քիչ պակաս մարդիկ կան, որ նման հերյուրանքներ են տարածում, բայց դուք խելացի մարդիկ եք, մի հավատացեք: Ես վստահեցնում եմ, որ մեր կողմից ստորագրահավաք անելու նախաձեռնություն չկա: Ոչ իմ, եւ ոչ էլ Սասուն Խաչատրյանի կողմից որեւէ նման նախաձեռնություն գոյություն չունի:

-Իսկ ո՞ւմ եք համարում Սյունիքի մարզպետի լավագույն թեկնածու:

-Բայց ախր դա իմ հարցը չի, դա իմ տեսնելով չի, դա պետք է իշխանությունները տեսնեն: Ես չեմ կարող ասել, թե ես ում եմ տեսնում Սյունիքի մարզպետի պաշտոնում, դա պետք է տեսնեն իշխանություններն ու նշանակումն անեն: Պետք է իրենք վստահեն, տվյալ անձնավորությունը: Գոնե տվյալ անձնավորությունը մի քիչ պետք է ժողովրդի կողմից հարգանք ունենա, ժողովուրդը պետք է իրեն վստահի, ինքն էլ պետք է ծանոթ լինի ժողովրդի հոգսերին՞

-Ըստ Ձեզ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին ժողովուրդը վստահո՞ւմ էր, հարգու՞մ էր: Ձեր գնահատմամբ` նա ինչպե՞ս աշխատեց մեկ տարվա ընթացքում:

-Մարդը 1 տարվա ընթացքում ինչ հասցրել արել է, մեկ տարին շատ քիչ ժամանակահատված է: Նորմալ աշխատելու, լուրջ գործունեություն ծավալելու համար մեկ տարին քիչ է: Ցամաքային ամենամեծ մարզն է, շատ համայնքներ կան, պետք է հասցներ այդ բոլոր համայնքները գնալ, ծանոթանալ, իսկ ինքն ինչքան կարողացել՝ այդքան էլ արել է: Այնպես չի, որ ինքը չի ուզեցել անի, ինքը փորձել է եւ արել է, բայց դա արել է մեկ տարվա մեջ ու ինչը հասցրել՝ դա է արել: Այդ տարվա ընթացքում իր արածը, կարծում եմ, բավարար է:

-Իսկ խոսե՞լ եք նրա հետ, պարզե՞լ եք, թե ինչի համար է հրաժարական տվել:

-Չէ, ժամանակ չեմ ունեցել իր հետ զրուցելու, բայց չեմ կարող նաեւ ասել, թե ինչու է հրաժարական տվել, դա այն հարցն է, որին ես չեմ կարող պատասխանել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 




Լրահոս