Գործարար Խաչիկի պատիվը 10.000 դրամ արժե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ դեկտեմբերի 11-ին «Ժողովուրդ»-ը հրապարակել էր մի լուր այն մասին, որ գործարար Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան» ժամկետանց ձվեր է վաճառել: Ու թեեւ այս առնչությամբ ունեինք անգամ պաշտոնական հավաստումներ՝ փաստաթղթերի տեսքով, այնուամենայնիվ, երկամյա դատական քաշքշուկի արդյունքում հաղթեց օլիգարխիան:

Ինչի՞ց սկսվեց

Նախ՝ հիշեցնենք հրապարակումը. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Ժամկետանց ձվերը հատկապես Երեւանի ու Գյումրու խանութներում են բաժանվել: Օրերս էլ ձու առաքող վարորդներին հրահանգվել է, որ առաքումն իրականացնեն երեկոյան ժամերին, որպեսզի շատ աղմուկ չբարձրանա:

Զրուցեցինք Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունենում: «Դուք ինձ պրովոկացիայի՞ եք ենթարկում, սխալ ինֆորմացիա եք ստացել, էտի բացառվում է, նմանատիպ խնդիր չկա ու չի էլ կարող լինել, ես վաղը Լենինական եմ գնում, կարաք գաք տեսնեք, թե ես որտեղ եմ էդ ձվերը ծախում, մենք ժամկետանց ձու չունենք»,-ասաց Խ. Խաչատրյանը: Մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում»:

Գերագույնս կոռեկտ այս հրապարակումը դարձավ դատական քաշքշուկի առարկա եւ Խաչիկ Խաչատրյանը դիմեց դատարան՝ պահանջելով իրեն վճարել 2 մլն դրամ տուգանք եւ տպագրել հերքում: Սեպտեմբերի 4-ին «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ստացել է մի գրություն, համաձայն որի՝ օրաթերթը պարտավոր է տպագրել հերքում Խաչիկ Խաչատրյանի գործարար համբավը արատավորելու համար եւ որպես տույժ վճարել 10.000 դրամ:

ՀԵՐՔՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության տառն ու ոգին, կատարում է դատարանի պահանջը եւ հրապարակում է հերքում, ինչպես որ պահանջվում է դատական վճռով՝ «հերքում» խորագրի ներքո:
««Ժողովուրդ» օրաթերթի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի համարի առաջին էջում եւ www.Zhoghovurd.am www armlur.am վեբ կայքերում հրապարակված «Հայտնի օլիգարխին տուգանել են ժամկետանց ձվեր վաճառելու համար» տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում եւ հանդիսանում է Խաչիկ Խաչատրյանի գործարար համբավը արատավորող տեղեկություններ»:

Չեղած վերնագրի համար

Նկատեցի՞ք՝ մենք նման վերնագրով հրապարակում չենք էլ ունեցել: Բայց դատավորների անգրագիտությունն ու փաստաբանների անփութությունն այլեւս ամփոփված ու վավերացված է պետական կնիքով հաստատված դատավճռում: Ուստի՝ անցնենք առաջ. եւ պատասխանենք մեր ընթերցողի մոտ առաջացած մեկ բնական հարցի. ինչո՞ւ «Ժողովուրդ»-ը չի բողոքարկել կայացված վճիռը:

Բացատրենք. երբ Խաչատրյանը դիմեց դատարան, մենք ներկայացրեցինք անհերքելի ապացույցներ այն մասին, որ նրա ընկերությունը իրացրել է ժամկետանց ձվեր: Ավելին՝ կար պաշտոնական հաղորդագրություն՝ ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից, որտեղ ասվում էր՝ մեջբերում. «27.09.2012թ. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ իրենց կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի՝ սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի ձվերում հայտնաբերվել են շեղումներ մի շարք ցուցանիշներով (կճեպի մաքրության ցուցանիշով խախտումներ (ՀՍՏ 182-99 3.2.10), սպիտակուցը՝ ոչ խիտ, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվող), առկա է թարմ ձվին ոչ բնորոշ սպեցիֆիկ հոտ), որոնք կարող են նաեւ մանրէաբանական ցուցանիշներով շեղումների (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել) պատճառ դառնալ: Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել եւ չօգտագործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձու»:

Հաղթանակ

Եվ երբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը քննում էր գործը, չէր կարողանում թաքցնել իր տարակուսանքը, թե ինչպես է գործարարն ակնհայտ իրողությունն անտեսելով թերթի գրածը վիճարկում դատարանում: Նա երկար քննելուց հետո որոշեց մերժել Խաչատրյանի ներկայացրած հայցը, քանի որ ակնհայտ էր, որ ժամկետանց ձվավաճառություն է կատարվել:

Բայց իշխանական բուրգին որոշակի ծառայություններ մատուցող Խաչիկ Խաչատրյանը բողոքարկեց դատավճիռը՝ այդ ընթացքում, ըստ էության, ապահովագրելով իրեն (գուցե, դատավորների հետ առանձին զրույցներով կամ ազդեցիկ զանգերի միջոցով): Այդուամենայնիվ, իրադարձությունները գլխիվայր շրջվեցին եւ անհասկանալի տրամաբանությամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանը, Աստղիկ Խառատյանն ու Ամրահի Պետրոսյանը կայացրեցին անտրամաբանական, չհիմնավորված մի վճիռ՝ առաջին հերթին խայտառակելով Հայաստանի դատական համակարգը, իրենց, ապա նաեւ ենթադրյալ պատվիրատու Խաչիկ Խաչատրյանին:

Դատարան չկա

Նրանք երկար-բարակ քննելով ներկայացված բողոքը ու միաժամանակ հաշվի չառնելով «Ժողովուրդ»-ի ներկայացրած փաստերը, անհեթեթ ձեւակերպումներով լի մի վճիռ կայացրեցին՝ հերքման եւ գործարարի մեզանից պահանջված 2 մլն դրամի փոխարեն բռնագանձվող արդեն 10 հազար դրամի պարտադրանքով: Ասել է թե՝ մենք, ունենալով ծանրակշիռ փաստարկներ, դատարանում հայտնվեցինք պարտվածի կարգավիճակում: Բնականաբար, այս դատավճիռը մեզ չի բավարարում, սակայն եթե մեր ունեցած ծանրակշիռ փաստարկներն էլ ՀՀ դատարաններում բավարար չեն հաղթելու համար, մնում է հիշել մեծն Պարույր Սեւակին, որ ասում էր. «Չի կարելի ճակատով խփել պատին, քանի որ պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»:

Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարում է, որ ցանկացած ոք, եթե այսուհետ հայց կներկայացնի դատարան՝ ընդդեմ օրաթերթի, մենք այլեւս չենք պատրաստվում գնալ դատարան: Հայաստանի երրորդ՝ դատական իշխանությունը այսուհետ մեզ համար գոյություն չունեցող մի մարմին է, քանի որ այնտեղ հաղթում է փողը, ազդեցիկ զանգն ու անդաստիարակ գործարարը:

Եվ վերջում հատուկ տխրահռչակ դատավորներ Կարեն Չիլինգարյանի, Աստղիկ Խառատյանի եւ Ամրահի Պետրոսյանի համար հրապարակում ենք ընդամենը մեկ տեղեկություն՝ «փրկված համբավով» «ձվերի Խաչիկի» մասին.

Այս տարվա օգոստոսի 8-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունում եւ պարզել, որ թռչնաֆաբրիկային պատկանող Երեւանի Արտաշիսյան 103 հասցեում գործող պահեստ-սառնարանից «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով ձվերի թաքնված խմբաքանակ են մատակարարել Վանաձոր քաղաք՝ խուսափելով հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից: Բացի այդ, հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար մի քանի անգամ նույն գործարարին պատկանող ընկերությունը տուգանվել 50.000 դրամի չափով:

Հիշեցնենք, որ կասկածելի վարկանիշ ունեցող դատավորները տուրք տվեցին այն անձնավորությանը, ով մեր լրագրողի հետ խոսելիս վիրավորել էր՝ ասելով «պրաստիտուտկա», սակայն Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Նարինե Ավետիսյանը գերադասեց «պրաստիտուտկա»-ի մակարդակի գործարարին հաճոյանալ, քան համարձակվել նրան պարտադրել ներողություն խնդրել երիտասարդ լրագրողուհուց: Այսքանից հետո էլ ումի՞ց արդարադատություն պահանջենք:

Քնար Մանուկյան
Թամարա Միքայելյան




Լրահոս