Դեռ նախորդ տարվա աշնանը Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին հրաժարականի դիմումներ էին ներկայացրել քաղաքապետարանի արտաքին կապերի, տուրիզմի եւ արարողակարգի բաժնի պետ Վիլենա Եղիազարյանը եւ կրթության բաժնի պետ Արմեն Նախշքարյանը: Եթե արտաքին կապերի, տուրիզմի եւ արարողակարգի բաժնի պետի ազատման պատճառն անհայտ մնաց, ապա Արմեն Նախշքարյանի դեպքում խոսակցությունները բազմազան էին:
Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ս. Բալասանյանը Ա.Նախշքարյանին հանձնարարել է աշխատանքից ազատել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բարեկամուհիներից մեկին, ով աշխատում է համայնքային նախադպրոցական հաստատություններից մեկում: Ինչին, սակայն, դեմ է եղել Ա.Նախշքարյանը՝ նշելով, որ նման բան չի կարող անել, որովհետեւ Վ. Ղուկասյանի բարեկամուհին լավ է աշխատում: Շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն՝ վերջին շրջանում Ա.Նախշքարյանի եւ քաղաքապետի միջեւ որոշ անհամաձայնություններ են առաջացել: Քաղաքապետը գումար չի հատկացրել մանկապարտեզների տանիքների վերանորոգման եւ այլ խնդիրների համար: Այս պարագայում Ա.Նախշքարյանը նպատակահարմար է գտել ազատման դիմում գրել: Սրանք շրջանառվող խոսակցություններն են, որոնց իսկությունը քաղաքապետարանից հերքեցին, իսկ նախկին կրթության բաժնի պետն էլ բացատրություններից զերծ մնաց:
Ինչպես երեւում է՝ նոր քաղաքապետի օրոք բաժնի պետերի աշխատանքից հեռանալը ավանդույթի վերածվեց: Ընդամենը մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի ութին, աշխատանքից ազատման դիմում ներկայացրին Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Արտաշես Կարապետյանը եւ իրավագիտության բաժնի պետ Արտակ Ղազարյանը: Վերջինս իր աշխատանքից հեռանալը բացատրում է մեկ այլ՝ առավել հարմար աշխատանքի անցնելու հանգամանքով: Իսկ ահա Ա. Կարապետյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրը, բոլորովին այլ բացատրությամբ հանդես եկավ:
«Մարտի 6-ից աշխատանքի եմ եկել. հենց այդ օրը քաղաքապետն առանձին իր մոտ կանչեց բաժնի ամբողջ աշխատակազմին եւ հրամայեց, որ ինձ հետ ոչ մի շփում չունենան: Մի կերպ 20 օր այդ պայմաններին դիմանալուց հետո 6 ամսով չվճարվող արձակուրդի գնացի: Վերադառնալուց հետո ազատման դիմում գրեցի: Փորձեցի անձամբ դիմումս ներկայացնել քաղաքապետին, որպեսզի հարցնեի, թե որն է իմ հեռանալու պատճառը, գուցե մեծ հանցանք եմ գործել, որին տեղյակ չեմ, եթե այդպես էր ես հպարտ չեմ, պատրաստ էի ներողություն խնդրելու: Քարտուղարուհին մտավ մոտը, դուրս եկավ, ասաց՝ չի կարող ձեզ ընդունել, ասացի՝ զոռով կմտնեմ, ասաց՝ չես գտնի իրեն, հանգստի սենյակ է գնացել ու այդպես էլ թաքնվեց, չհանդիպեց ինձ»,-«Ժողովուրդ»-ին պատմեց նախկին բաժնի պետը:Վերջում հավելեց, որ ինքն արդեն նոր աշխատանք ունի, միայն նախորդ աշխատանքից ազատվելու իրական պատճառն իսկապես կուզեր իմանալ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել նաեւ Ս. Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը:
Արեւիկ Հակոբյան