«Վիկիլիքս»-ի կողմից հրապարակված փաստաթղթերի շարքում բացի դասական դիվանագիտական զեկուցագրերից, տեղ են գտել նաեւ, այսպես կոչված, GIF փաստաթղթերը: Վերջիններս պատկանել են ԱՄՆ Թեքսաս նահանգում գործող Startfor վերլուծական կենտրոնին: Այս կենտրոնը հանդես է գալիս համաշխարհային նշանակության իրադարձությունների մանրազնին ուսումնասիրությամբ եւ դրանց համապարփակ վերլուծությամբ: «Վիկիլիքս»-ը ծանուցում է, որ Startfor-ը հավաստի աղբյուրներ ունի աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, որոնք մատակարարում են բազմակողմանի տեղեկություններ: Ավելին՝ Startfor-ը վերլուծություններ է կատարում ինչպես մասնավոր կազմակերպությունների, այնպես էլ ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտի, ԱՄՆ Ծովային ու Պաշտպանության վերլուծական կենտրոնների համար:
Startfor-ի անանուն վերլուծականներից մեկը պատմում է 2009թ. հոկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունների մասին: Քննելով հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հնարավորությունը՝ հեղինակը դրանք շաղկապում է Լեռնային Ղարաբաղի հարցի ուղղությամբ տարվող բանակցությունների հետ: Ըստ փաստաթղթի՝ այն նույն պահին, երբ նախապատրաստվում էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, ղարաբաղյան հարցում ընթանում էին ինտենսիվ բանակցություններ, որոնք, սակայն, վերջին պահին ուղղակիորեն տապալվեցին: Արդ, Startfor-ի վերլուծաբանը փորձում է հասկանալ, թե ԼՂ բանակցությունների տապալումն ինչ ազդեցություն է ունենալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա եւ, ի վերջո, ով է իրականում պատասխանատու Ղարաբաղի հարցում այդքան նշանակալի փուլի ձախողման համար:
Startfor-ը փաստում է, որ բանակցային գործընթացի ճանապարհային քարտեզը պետք է ենթադրի, թե ինչպիսի ճակատագիր է ունենալու «վիճելի տարածք ԼՂ-ն»: Ըստ հեղինակի՝ բանակցությունների արդյունքը պիտի լինի այն, որ ՀՀ-ն դադարեցնի քաղաքական ու ռազմական աջակցությունը ԼՂ-ին, իսկ Ադրբեջանը հատուկ կարգավիճակ շնորհի իր սահմաններում եւ ճանապարհային միջանցք ապահովի ՀՀ-ի ու ԼՂ-ի միջեւ: Վերլուծությունից պարզվում է, որ բանակցությունների տապալման պատճառը հրապարակայնորեն համարվել է ԼՂ-ի անհամաձայնությունը. իբր վերջինիս ղեկավար շրջանակները համաձայն չեն եղել մի շարք դրույթների հետ եւ բանակցային սեղանի շուրջ տեղ ունենալու ցանկություն են հայտնել:
Հեղինակը, սակայն, իրականում չի հավատում նշյալ պատճառաբանությանը, այլ շեշտում է, որ բանակցությունների տապալման պատճառն ավելի խորն է ու ինչ-որ տեղ կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ: Startfor-ը հիմնականում մատնանշում է երկու իրական հանգամանք, որոնք կարող են ազդեցություն ունեցած լինել ԼՂ բանակցությունների տապալման գործում:
Առաջին պարագան պայմանավորելով թուրքական գործոնով՝ հեղինակը արձանագրում է, որ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանները Ղարաբաղյան պատերազմից հետո՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության: Թուրքերը վերջին շրջանում բանակցությունների մեջ են եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, ինչը, սակայն, խիստ անհանգստացրել է Ադրբեջանին: Հեղինակը հավելում է, որ պաշտոնական Անկարան փորձել է հանգստացնել Բաքվին՝ վստահեցնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն օգտագործվելու է վերջինիս սեղմելու համար: Թուրքիան հայտնել է, որ Հայաստանը պետք է լուծի ԼՂ հիմնախնդիրը շուտափույթ կերպով, մինչեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
Հեղինակը նկատում է, որ, հաշվի առնելով Բաքվի անհանգստությունը եւ այդ գործոնի նշանակությունը Թուրքիայի համար, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ԼՂ բանակցությունների տապալման ֆոնին մշուշոտ է:
Այսուհանդերձ, Startfor-ի վերլուծաբանը, վկայակոչելով Բաքվի իրենց աղբյուրներին, հայտնում է, որ Թուրքիան կարող է չնախաստորագրել արձանագրությունները: Դրա փոխարեն Ցյուրիխում կստորագրվի անհստակ ու անորոշ մի փաստաթուղթ, որով կազդարարվի հարաբերությունների կարգավորման լոկ սկիզբը: Հեղինակը հայտնում է, որ ոչ մի գործնական ու իրական մոտեցում չի լինելու, թե ինչպես է ընթանալու հարաբերությունների կարգավորումը: Սա նշանակում է, որ բանակցությունների շարունակումը անխուսափելի է լինելու: Startfor-ը եզրակացնում է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կնքվելիք փաստաթուղթն իրականում ունենալու է զուտ խորհրդանշական դերակատարություն՝ զուրկ որեւէ գործնական ու առարկայական նշանակությունից:
Հարկ ենք համարում ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ սույն վերլուծությունը կատարվել է Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից առաջ: Դրանով փաստվում է, որ միջազգային հարթակում արդեն իսկ կար այն ընկալումը, որ հայ-թուրքական արձանագրություններն ամենեւին էլ խոստումնալից հանգրվան չեն եւ հարաբերությունների կարգավորման ոչ մի իրական հնարավորություն չեն ստեղծում: Եթե Հայաստանի իշխանությունները գործընթացը սկսելուց առաջ կամ դրա ընթացքում չեն ստացել նման տեղեկություններ, ապա ակնհայտ է, որ Հայաստանի հետախուզությունն ու արտաքին հարաբերությունների համար պատասխանատու կառույցը, մեղմ ասած, իրենց գործը չեն կատարել:
Եթե, այդուհանդերձ, նման տեղեկություններ եղել են, բայց իշխանությունները մասնակցել են թուրքական բեմադրությանը, ապա սա էլ խոսում է իշխանությունների քաղաքական սնանկության մասին: Ի վերջո, ինչպե՞ս կարելի էր ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու գնով մասնակցել թուրքական աճպարարությանը՝ առանց որեւէ իրական երաշխիքի, որ հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը տեղի են ունենալու անմիջապես: Ինչեւէ, Startfor-ի վերլուծականը քննարկում է նաեւ բանակցությունների տապալման մեջ մեծ նշանակություն ունեցած երկրորդ գործոնը, որի մասին կխոսենք հաջորդիվ:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Շարունակելի