Երգելն ինձ համար ավելի շատ հոբբի է. Անահիտ Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը վերջին շրջանում բավականին պասիվ է: Նա գրեթե չի երեւում հեռուստաէկրաններին եւ չի մասնակցում հավաքական համերգներին:
«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհու հետ` տեղեկանալու վերջինիս պասիվության պատճառի եւ առաջիկայում սպասվելիք ստեղծագործական ծրագրերի մասին:

-Անահիտ, թե՛ Դուք, թե՛ Ձեր ամուսինը`Հայկոն, վերջին շրջանում բավականին պասիվ եք: Ձեզ չենք տեսնում նաեւ հավաքական համերգներին: Ո՞րն է պատճառը:

-Հայաստանում մասսայական համերգներին մասնակցելը ֆինանսական առումով այդքան էլ նպաստավոր չէ, սակայն, թե՛ իմ, թե՛ Հայկոյի այս տեսակի պասիվությունն այլ բացատրությունն ունի: Հայկոն, ինչպես գիտեք, «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի անդամ է, բացի դրանից բազմաթիվ ֆիլմերում հնչող երաժշտությունների հեղինակը: Այդ ամենը, բնականաբար, բավականին ժամանակ է խլում եւ համերգներին մասնակցելու ժամանակ չի մնում: Իսկ իմ պասիվությունը պայմանավորված է նրանով, որ ես ավելի շատ ժամանակ եմ հատկացնում իմ կարի արհեստանոցին:

-Այսինքն, երգարվեստը Ձեզ համար երկրորդ պլա՞ն է մղվել ու Դուք նախընտրում եք դիզայներական գործով զբաղվե՞լը:

-Դեռ մանկուց եմ սիրել էքսպերիմենտներ անել, ձեւափոխել հագուստներս, տարիներ շարունակ նաեւ իմ բեմական հագուստների հեղինակն եմ եղել: Երգարվեստի մասով էլ ասեմ, որ դրանով զբաղվելն ինձ համար ավելի շատ հոբբի է: Երբ առաջին քայլերս էի անում երգարվեստում, հասկացա, որ կարողանում եմ որպես երգչուհի դուր գալ հանդիսատեսին, իմ երգածը տեղ է հասնում, դիպչում է մարդկանց հոգիներին ու սրտերին: Այս ամենն ինձ է՛լ ավելի պարտավորեցրեց, բայց, կրկնում եմ, երգելն ինձ համար ավելի շատ հոբբի է:

-Բավականին երկար ժամանակ է նաեւ նոր տեսահոլովակ չունեք: Տեսահոլովակ ունենալը թա՞նկ հաճույք է։

-Դե քիչ գումարով էլ է հնարավոր նոր տեսահոլովակ ունենալ, պատճառն այնքան էլ դա չէ: Ես ընտանիք ունեմ, երեխա, զբաղված եմ վերջինիս խնամքով, ինչն ինձ մեծագույն հաճույք է պատճառում: Ճիշտ է` կարի արհեստանոցում երկար ժամանակ եմ անցկացնում, բայց դա ինձ չի խանգարում երեխայիս պատշաճ ձեւով մեծացնել:

– Ձեր կոլեգաներից շատերը որակյալ երգարվեստ կրելով են մուտք գործում շոու- բիզնես, սակայն ժամանակի ընթացքում դարձյալ, թերեւս ֆինանսական պատճառներով, ոճական փոփոխությունների են ենթարկվում` ընկնելով գումար բերող երգեր ներկայացնելու հետեւից: Դուք ինչպես եք վերաբերվում այդ իրողությանը:

-Ես ինքս չեմ երգում որեւէ ակումբում, անորակ երաժշտության քարոզ չեմ անում: Ճիշտ եք, կան երգիչներ, ովքեր ընկնում են փողի ետեւից` մոռանալով որակի մասին, բայց ես ոչինչ չեմ կարող ասել իրենց, որևէ գնահատական տալու իրավունք չունեմ: Մարդիկ տեսնում են, որ դա է գոհացնում ունկնդրին ու դա են քարոզում: Իհարկե, սա գովելի չէ, բայց ժամանակներն են այդպիսին: Այս ամենի կողքին կա մի լավ բան. կան այնպիսի արտիստներ, ովքեր կարող են մի ամբողջ երկրի դեմքը լինել, ներկայացնել լավ, որակյալ երգարվեստ: Անուններ չեմ նշի, բայց վստահ եմ, որ հասկացողը հասկանում է, թե ինչի ու ում մասին է խոսքը:

-Անահիտ, «Քոմեդի քլաբ»-ի սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը Ձեր ընտանիքի քավորն է: Նա՞ է Ձեզ «առաջ տանում», ձեր PR-ով նա՞ է զբաղվում:

-Արթուր Ջանիբեկյանը մեր ընտանիքի լավ բարեկամն է, քավորը: Մենք ջերմ բարեկամական հարաբերություններ ունենք, դա պարզից էլ պարզ է ու բնական: Բայց Ձեր նշած առումով նա մեզ այդքան էլ չի օգնում, չնայած մի քանի բան կարող եմ նշել. երբ Հայկոն մասնակցում էր «Եվրատեսիլ»-ին, Արթուրը օգնեց Հայկոյին, «Ռոմանս» ալբոմի թողարկման հարցում էլ է Արթուրը օգնել:

Լուսանկարը՝ երգչուհու ֆեյսբուքյան էջից

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս