Ապրիլի 25-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության, Ոստիկանության Ավանի բաժանմունքի և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի սկզբնամասում հայտնաբերել են երեկ Հերացի փողոցում 4 հոգու վրաերթի ենթարկած և փախուստի դիմած ավտոմեքենան։ Նշված ավտոմեքենան “Օպել Վեկտրա” մակնիշի 32 ԼՕ 135 համարանիշի է, որի դիմապակին ամբողջովին փշրված է, իսկ թափքը՝ ամբողջովին վնասված։ Կոտրված է նաև ձախ կողմի լուսարձակը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 59-ամյա Վահան Ստեփանյանի վարորդական իրավունքի վկայականը։ Երբ “Օպելի” հայտնաբերման վայրում ոստիկանները քննչական գործողություններ էին կատարում, մոտակայքում նկատեցին կարմիր մարզահագուստով մի քաղաքացու, ով իր շարժուձևով կասկածներ հարուցեց ոստիկանների մոտ։ Պարզվեց, որ նա վերը նշված վարորդական իրավունքի տիրոջ որդին է, ում ոստիկանները տեղափոխեցին ոստիկանության Ավանի բաժանմունք։ Գ. Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ հիվանդանոց տեղափոխված վրաերթի ենթարկվածներից մեկը՝ 51-ամյա Արևհատ Դավթյանը, քիչ առաջ մահացել է։
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ պարզելու և հայտնաբերելու “Օպելի” վարորդին։ Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, ովքեր նշված ավտոմեքենայի վրա փորձաքրեագիտական աշխատանքներ են կատարում։