Կնոջ վիրահատությունը` ամուսնու հիվանդագին խանդի պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 56-ամյա բնակիչ Համլետ Մանուկյանն արդեն 4 տարի է` գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում:

Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է հոգեբուժական բաժանմունքից:

Մարտունու շրջանի Ծակքար գյուղում ծնված Հ. Մանուկյանը կնոջ` Նազանի Մանուկյանի վիրահատության փաստն օգտագործելով`  պարբերաբար վեճ է սկսել` նախատելով, թե կինն իզուր է գումար ծախսել և վիրահատվել:

2010 թվականի դեկտեմբերի 18-ին Հ.Մանուկյանը օղի է գնել ու հաց ուտելու ընթացքում այն օգտագործել: Կինը, կանխատեսելով, որ ինչպես նախկինում, այս անգամ ևս, Հ. Մանուկյանն օղի օգտագործելուց հետո իր հետ կվիճաբանի, կանչել է քրոջը` Լուսիկ Աբգարյանին, որպեսզի նա կանխի վերահաս վիճաբանությունը:

Հ. Մանուկյանը, մինչ քրոջ գալը, սկսել է կնոջ և երեխաների հետ վիճաբանել, նույնիսկ իր ձեռքի դանակով սպառնացել է նրանց, իսկ նրանք մտել են ննջասենյակ ու ներսից փակել դուռը: Այդ ընթացքում տուն է մտել Լուսիկը և Համլետին փոքր-ինչ հանդարտեցրել, սակայն երբ վիճաբանությունը կրկին շարունակվել է, իրենք զանգահարել են ոստիկանություն և շարունակել փակված մնալ ննջասենյակում: Զանգից հետո լսել են տան մուտքի դռան թակոցի ձայնը, և դրանից հետո Համլետը հանդարտվել է: Նրանց տուն ժամանած ոստիկանության Կոտայքի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Էդմոնդ Այվազյանին Համլետ Մանուկյանը դանակով հարվածել է:

Դեպքից հետո Հ.Մանուկյանի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի համաձայն Հ. Մանուկյանի մոտ հայտնաբերվել է «Օրգանական զառանցական խանգարում» հոգեկան հիվանդություն: Իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Համլետ Մանուկյանը ճանաչվել է անմեղսունակ:

Դատահետքաբանական փորձաքննության եզրակացության և Համլետի կնոջ ցուցմունքների համաձայն` ամեն անգամ կնոջը տեսնելիս ամուսինը զայրացել է, սկսել հայհոյանքներ հնչեցնել նրա հասցեին և սպառնացել, որ կսպանի:

«Օրգանական զառանցական խանգարում» հոգեկան հիվանդությունը դրսևորվել է նրանով, որ մինչև հիմա էլ նրա մոտ նկատվում է կասկածամտություն, նեգոտիվիզմ, անհանգիստ և ագրեսիվ վարք, տրամադրության անկայունություն դիսֆորիկ հակազդումներով, խանդի զառանցական մտքեր` քննադատության բացակայության հետ մեկ տեղ:

Վերը նշված հիվանդագին խանգարումները Համլետի մոտ արտահայտված են այն աստիճանի, որ ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս զրկել և զրկում են նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից:




Լրահոս