2007-ի քարոզարշավի համեմատ, այս տարի բոլոր քաղաքական ուժերը կարողանում են ազատ քարոզարշավ անցկացնել, թե՛ Երևանում, թե՛ մարզերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:”Եթե նախկինում որոշ ուժեր չէին կարողանում ազատ քարոզարշավ իրականացնել, այս տարի նման բան չկա, և դա շատ դրական է: Դրական եմ համարում նաև լրատվամիջոցների աշխատանքը, որոնք հարթակ են տրամադրում բոլոր քաղաքական ուժերին”,-հավելեց քաղաքագետը: Վերջինս մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հարցում միակ բացասական կողմը համարում է իշխանությունների կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը: Ի՞նչ պատկեր կունենանք խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ինչպե՞ս կտեղաբաշխվեն քաղաքական կուսակցությունների հնարավոր ձայները՝ հարցին, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. “Բանն այն է, որ հիմնական պայքարը գնալու է իշխանական ուժերի մեջ` Հայաստանի հանրապետական և “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունների միջև, իսկ մյուս՝ մի քանի ուժերն էլ ունեն հնարավորություն անցնելու հինգ տոկոսի արգելքը: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կորցրեց շատ կարևոր բան՝ դա հետևողականությունն է: “Ժառանգություննե էլ հայտարարեց, թե ընդդիմություն է, մենք հարգում ենք ասվածը, բայց նրանց ցուցակում էլ հայտնվեցին մարդիկ, ովքեր իշխանամետ ուժեր են”,-ընդգծեց Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետը անդրադառնալով ընդդիմադիր “Հայ ազգային կոնգրես”” դաշինքին՝ ասաց, որ նրանց ցուցակում էլ կան մարդիկ, ովքեր առհասարակ կապ չունեն քաղաքականության հետ, իսկ դա շատ բացասական դեր է խաղում ընդդիմադիր ուժի վարկանիշի համար:
“ՀԱԿ-ը հայտարարում է, որ իրենք պահանջում են, որպեսզի գող ավազակները հեռանան, բայց մենք փոքր ազգ ենք, և նրանց ցուցակում էլ տեսնում ենք մարդկանց, ովքեր նույնպես սրբեր չեն, կամ ասում են՝ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչներ, բայց նրանց ցուցակում հայտնվում են քաղաքականության հետ առհասարակ կապ չունեցող մարդիկ”,-ասաց Ստեփան Գրիգորյանը: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել թե գործող իշխանության ներկայացուցիչները, թե խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ, 9 քաղաքական ուժեր` համամասնական ընտրակարգով մասնակցելու համար, ինչպես նաև շուրջ 180 անհատ` մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար: