«Սերժանտի անբարեխիղճ վերաբերմունքը բարդացրեց ինքնասպանության գործի քննությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամկետային զինծառայող 22-ամյա Սամվել Հարությունյանի ինքնասպանության գործի շրջանակներում կալանավորված շարքային Վարդան Դավթյանի պաշտպան Արմեն Ադամյանը Armlur.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ առաջադրված 4 մեղադրանքներից 3-ն իր պաշտպանյալին որևէ կերպ չեն առնչվում:

Արմեն Ադամյանի խոսքով` սերժանտը, ով ներգրավված է գործում, եթե բարեխիղճ լիներ, ավելի վաղ պետք է արձագանքեր, որպեսզի ներկայիս խառնաշփոթ վիճակը չլիներ:

Նախաքննության անվտանգությունից ելնելով` պաշտպանն այլ մանրամասներ չհայտնեց: Ա. Ադամյանը վստահաբար հավելեց միայն, որ իր պաշտպանյալի և Սամվել Հարությունյանի հարաբերությունները եղել են շատ ավելի ջերմ վիճակում, քան մյուսներինը:

Տեղեկացնենք, որ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով հարուցված քրեական գործով՝  նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Դավթյանին մեղադրանք է առաջադրվել նաև 359 հոդվածի 1-ին և 358 հոդվածի 1-ին մասերով, 360 հոդվածի 2-րդ մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաև զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի կողմից պետի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին` ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային, 1992թ. Սամվել Հարությունյանը։ Նրան ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է շարքային զինծառայող Վարդան Դավթյանը:

Իսկ սեպտեմբերի 11-ին զինծառայողի զորամաս այցելած Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բանակային զորամիավորման հրամկազմից սկսած մինչև դիվիզիոն-մարտկոց օղակի բոլոր հրամանատարները:

«Այն զինծառայողները, ովքեր կանցեն քրեական գործով, կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ նրանք, ովքեր մեղավոր են ծառայողական պարտականությունների կատարման թերացման մեջ, կենթարկվեն խիստ կարգապահական տույժերի կամ կազատվեն զբաղեցրած պաշտոններից»,-նշել է նախարարը:




Լրահոս