ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ուղեկցությամբ կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին, որն անցկացվում է սեպտեմբերի 15-18-ը Դանիայիում: ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային կոմիտեն քննարկելու է տարածաշրջանային որոշակի խնդիրներ և ծրագրեր: Եվրոպական տարածաշրջանը ընդգրկում է 53 երկիր, այդ թվում Հայաստանը: 64-րդ նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն Եվրոպական տարածաշրջանի 53 անդամ-երկրների առողջապահության նախարարներ, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ, քաղաքացիական, հասարակական կազմակերպությունների անդամներ:
ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը կարևորում է «Առողջություն -2020» քաղաքականության վերաբեյալ առաջին հաշվետվությունը, ուր ներկայացվելու է ԱՀԿ կողմից երկրներում կատարված և կատարվելիք աշխատանքները:
Նստաշրջանի 4 օրերի ընթացքում կներկայացվեն հաշվետվություններ, որոնք վերաբերելու են ԱՀԿ-ի բարեփոխումներին, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, առողջության առաջնային պահպանման, երեխաների առողջության և սնուցման, պատվաստանյութերով ապահովման և այլ խնդիրների :
Նախատեսված են զեկույցներ նախկին նստաշրջաններում ընդունված որոշումների, կատարման վերաբերյալ: Անդրադարձ կկատարվի «Առողջապահական համակարգերը հանուն առողջության և բարեկեցության`«Առողջություն-2020՚» քաղաքականության ենթատեքստում Տալլինյան խարտիայի դրույթների իրագործմանը, վերջին մեկ տարվա ընթացքում առողջապահության ոլորտում բարձր մակարդակով կազմակերպված գիտաժողովների արդյունքներին:
Այս նստաշրջանում առաջիկա հինգ տարիների համար կընտվի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, որին հավակնում է ներկայիս տնօրեն Ժուժաննա Յակաբը, ինչպես նաև կնշանակվեն ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի և այլ կոմիտեների նոր անդամներ:
Անցած 66 տարիների ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ամբողջ աշխարհում հսկայածավալ ծրագրեր ու ձեռնարկումներ է իրականացրել`առողջության գլոբալ ռազմավարության և անվտանգության, առողջապահական համակարգերի կազմավորման և կարողությունների հզորացնելու, համաճարակների, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և բուժման ռազմավարություններ մշակելու, դրանք կյանքի կոչելու առումներով: ԱՀԿ-ի առավել կանոնադրային գործառույթը հանրության առողջության պահպանման վերաբերյալ ճշգրիտ տվյալներ հավաքելու և դրանք բարելավելու առաքելությունն է:
Իր գործունեությամբ ԱՀԿ-ն աջակցում է անդամ երկրներին մշակելու և իրականացնելու արդյունավետ քաղաքականություններ և ռազմավարություններ, լուծել հանրային առողջապահության հրատապ հիմնախնդիրները և բարելավել բնակչության առողջության ցուցանիշները:
ԱՀԿ-ն կառավարվում է տարեկան համաժողովներով, որին մասնակցում են անդամ երկրների պատվիրակությունները: