Այսօր մի խումբ արթիկցիներ բաց նամակ են հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որի տեքստը ներկայացնում ենք ստորև:
Մեծարգո պարոն ոստիկանապետ
Ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ ոստիկանության Արթիկի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանն արդեն անցել է տրամաբանության և բարեկրթության բոլոր սահմանները և ամբողջովին դարձել է ՕԵԿ գրասենյակի ղեկավարն Արթիկի տարածաշրջանում: Վերջինս Ձեր կողմից ուղարկվել է հարկադիր արձակուրդի, սակայն շարունակում է ծառայողական մեքենայով շրջել գյուղերով ու սպառնալ մարդկանց, որպեսզի ձայն հավաքեն ՕԵԿ-ի և մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբոր համար: Ոստիկանապետն այնքան է հղփացել, որ արդեն երևում է եղբոր գովազդային հոլովակներում (երեք օր առաջ՝ “Շանթի” եթերում) և հայտարարում է, որ Վլադիմիր Գասպարյանը չի կարող ազատել իրեն, քանզի իր այդ պաշտոնով նա պարտական է միայն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին: Պարոն ոստիկանապետ, խնդրում ենք միջամտել, Արթիկ ուղարկել հանձնաժողով կամ ձեռնարկել այլ քայլեր: Բնակչությունն ահաբեկված է, մարդիկ այլևս տանել չեն կարողանում ոստիկանության աշխատակիցներին, որոնք, իրենց հերթին, պնդում են, որ կատարում են վերադասի հրահանգը: Արթիկի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ