Մինչ Սյունիքի հավանական մարզպետի նորանոր անուններ են շրջանառվում, նախորդների գործունեությունը բացահայտող նոր իրողություններ ու փաստեր են ի հայտ գալիս:
Lragir.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներն ահազանգում են տարիներ շարունակ մարզպետարանում ստեղծված վախի ու անպատժելիության մթնոլորտի մասին: Իսկ պատճառը մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանի աշխատաոճն է, որից մարզպետարանի աշխատակիցները դժգոհ են:
Նրանց խոսքով՝ աշխատակազմի ղեկավարն աշխատակիցների հետ գրեթե միշտ բղավելով է խոսում, մարզպետարանում աշխատանքի է տեղավորել ծանոթ-բարեկամներին, իսկ աշխատակիցներին էլ անհարկի ազատում է:
Նշված տեղեկատվությունը ճշտելու նպատակով Armlur.am-ը զրուցեց Ռազմիկ Ղազարյանի հետ, ով, բնականաբար, հերքեց ամեն ինչ՝ ընդգծելով, որ ոչ մի բան ճիշտ չի ասվել:
Տեղեկություններ էին շրջանառվում, թե, օրինակ, աշխատակազմի ղեկավարը վիրավորել է Մարզպետարանի կրթության բաժնի մասնագետ Նելլի Կարապետյանին 1 օր աշխատանքից բացակայելու համար և հրահանգել վերջինիս ազատման դիմում գրել: Անդրադառնալով այս լուրին՝ Ռազմիկ Ղազարյանը նշեց. «Ոչ մեկ չի վիրավորել, ոչ էլ ազատել են աշխատանքից: Անհարգելի բացակայության պատճառով միայն համապատասխան տույժի են ենթարկել»:
Ղազարյան նման արձագանքն, իհարկե, սպասելի էր: Սակայն Armlur.am-ին հաջողվեց մի քանի մանրամասն ճշտել նրա գործունեությունից: Բացի աշխատակիցներին վատ վերաբերվելուց և հեռացնելուց՝ նա նաև յուրացնում է նրանց համար նախատեսված ուղեգրերը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ որոշակի սոցիալական խմբերի համար մարզպետարանին անվճար ուղեգրեր են տրվում: Սակայն այդ ուղեգրերից և ոչ մեկն իր հասցեատիրոջը չի հասնում: Դրա փոխարեն՝ Ռազմիկ Ղազարյանն ու նրա վարորդն այդ ուղեգրերը բավական մատչելի գներով վաճառում էին իրենց ծանոթներին ու բարեկամներին: Փաստորեն, այն մարդիկ, ովքեր պետք է անվճար հանգստանան և բուժվեն, շարունակում են աշխատել և հանդուրժել աշխատակազմի ղեկավարին:
Բացի այդ՝ մարզպետարանում աշխատող իր մտերիմներին նա գործուղումներ է գրում, և վերջիններս, տեղում նստած, ավելորդ գումարներ են ստանում, իսկ մշակութային միջոցառումների համար հատկացված գումարներով՝ միայն կերուխում անում:
հավելենք միայն, որ Ռազմիկ Ղազարյանն իր դիրքերն ամրապնդել է հիմնականում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին՝ լինելով նրա հավատարիմ անձը:
Լուսանկարում ձախից առաջինը՝ Ռազմիկ Ղազարյան
Լուսանկարը՝ sosi-tv.com-ի