ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը, ում մեղադրանք էր առաջադրվել «Գորիս» ՔԿ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար, առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան: Այս մասին armlur.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատաքննության ընթացքում դատարանն ապացուցված է համարել նախաքննական մարմնի կողմից ներկայացված այն հանգամանքները, որոնց համաձայն` խարդախություններ կատարելու հետևանքով մեծ պարտքեր կուտակած Սամվել Հովհաննիսյանը որոշել է դատապարտյալի պատվիրված սպանության միջոցով գումար վաստակել և պարտքերը մարել:
Այսպես, Ջամալ Սլոյանը դատապարտվել էր ազատազրկման ՌԴ Մոսկվա քաղաքում Ահմադ Շարոյանին սպանելու մեղադրանքով: Վերջինիս եղբայրը պատվիրել է Հովհաննիսյանին Սլոյանի սպանությունը և դրա դիմաց պատրաստ է եղել վճարել 30.000 ԱՄՆ դոլար:
Սպանություն կատարել Սամվել Հովհաննիսյանը պատվիրում է դատապարտյալներ Արթուր Խուրշուդյանին և Ռոբերտ Տոնոյանին` 10.000 ԱՄՆ դոլարի դիմաց:
Սպանության համար Հովհաննիսյանը որոշում է Ջամալ Սլոյանին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, սակայն իրադարձություններն այլ զարգացում են ունենում:
Վերոնշյալ դատապարտյալները, ովքեր պետք է իրականացնեին սպանությունը, հրաժարվում են դա անել: Ավելին, այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ին:
Հարուցված քրեական գործի շրջանակներում առաջադրված մեղադրանքում Սամվել Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Առաջին ատյանի դատարանի վճռով Ս. Հովհաննիսյանը դատապարտվել է ազատազրկման 12 տարի ժամկետով և պատիժը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: