Աստղագիտության միջազգային օրն այս տարի նշվելու է ապրիլի 28-ին և այդ առիթով նույն օրը ժամը 20:30-22:30 “Կասկադ”համալիրի վերևի հարթակում տեղադրվելու են մի շարք սիրողական աստղադիտակներ, որոնցով բոլոր ցանկացողները կարող են դիտել մոլորակներ, աստղեր, աստղակույտեր և երկնքի այլ հրաշալիքները, այս մասին տեղեկացնում է Հայկական աստղագիտական ընկերությունը: Աստղադիտակների տեղադրումը կազմակերպում է “Գուդրայք Ջոն” կազմակերպությունը՝ Ռուբեն Բունիաթյանի գլխավորությամբ: Աստղագիտության միջազգային օրը շարժական տոն է և սովորաբար նշվում է ապրիլի կեսերից մինչև մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում: Սահմանված է այնպես, որ այն տեղի է ունենում Լուսնի առաջին քառորդը նախորդող շաբաթ օրը (օրինակ 2011-ին այն մայիսի 7-ին էր)Այս նախաձեռնությունն առաջին անգամ իրագործվել է 1973թ. Հյուսիսային Կալիֆոռնիայի աստղագիտական ընկերության նախագահ Դագ Բերգերի կողմից, երբ նա բազմաթիվ աստղադիտակներ տեղադրեց հասարակական վայրերում, որպեսզի ցանկացած հետաքրքրվող հնարավորություն ունենա զմայլվել երկնքի գեղեցկությամբ: Աստղագիտության օրը նշվում է ամեն տարի՝ հասարակության և աստղագիտության հետ առնչվող տարբեր մարդկանց և կազմակերպությունների (պրոֆեսիոնալ և սիրող աստղագետներ, աստղագիտության ուսուցիչներ, աստղացուցարաններ) միջև կապն ու շփումներն ամրապնդելու նպատակով: Սովորաբար կազմակերպվում են հասարակական դիտումներ, դասախոսություններ, հանդիպումներ և այլն՝ հասարակության մեջ աստղագիտական գիտելիքները և հետաքրքրությունները տարածելու համար:
Աստղագիտության օրը նաև աստղագիտության շաբաթի մի մասն է, որը սկսվում է դրան նախորդող երկուշաբթի: Կա նաև աստղագիտության աշնանային օր, որն այս տարի կլինի հոկտեմբերի 20-ին: