Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “Ռենջ Ռովեր” մակնիշի 08 ՏՏ 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ մինչև ձորում հայտնվելը “Ռենջ Ռովերի” վարորդը բախվել է Զարզանդ Հոլիկյանի վարած “ՎԱԶ 2109” մակնիշի 06 ՍՕ 988 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով “ՎԱԶ 2109”-ի ուղևոր 22-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը առաջին բժշկական հետազոտման նպատակով դիմել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժկական կենտրոն։ Հավաքվածները Գ. Շամշյանին նաև պատմել են, որ “Ռենջ Ռովերը” պատկանում է ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում։ Սակայն մեքենան վարել է նրա վարորդը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վթարի պատճառը եղել է ձնակարկուտը։