«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ Հայաստանի քաղաքական դաշտի շատ ներկայացուցիչներ քննադատեցին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու քայլը, այնուամենայնիվ, նա անդրդվելի մնաց եւ գնաց Թուրքիա: Եվ պարզվում է` ԱԳ նախարարի եռօրյա այդ այցը դեպի մեր հարեւան երկիր, բավականին թանկ է նստել ՀՀ պետբյուջեի վրա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Նալբանդյանի այցի համար ՀՀ պետբյուջեից 3 մլն 667 հազար ՀՀ դրամ է ծախսվել: Այդ գումարով գնվել են Նալբանդյանի` Երեւան-Մոսկվա, Մյունխեն-Անկարա եւ Անկարա-Մյունխեն-Մոսկվա-Երեւան ավիատոմսերը, ինչպես նաեւ վճարվել Անկարայում եւ Մոսկվայում մնալու նրա օրապահիկները ու գիշերավարձերը: Ի դեպ, պետբյուջեին այդքան վնաս հասցնելով արտաքին գործերի նախարարը մասնակցել է այն նախագահի երդմնակալության արարողությանը, ով դրանից օրեր առաջ` իր հերթական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր. «Ինձ վրացի են անվանել: Ներողություն եմ խնդրում, սակայն, ավելի վատ՝ ինձ նույնիսկ հայ են անվանել: Սակայն ես թուրք եմ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: