Հայաստանի և Արցախի հետ պարտադրելու պայմանով խոսելն անհնար է. Ս. Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպում ունեցավ բուհի դասախոսական և ուսանողական կազմի հետ: Ներկայացնելով Պաշտպանության նախարարության վերջին տարիների ձեռքբերումները՝ նախարարը պատասխանեց նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Նրա խոսքով՝ Զինված ուժերի զարգացման մեջ 2014-15 թթ. առանձնահատուկ շրջան է:

«Վերջին տարիներին մարտական հերթապահության մեջ առաջին գծում մեր կրտսեր հրամանատարները կարողանում են իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել:
Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում սահմանների պաշտպանությանը: Ե՛վ Արցախում, և՛ Հայաստանում ստեղծել ենք համապատասխան պաշտպանական միջավայր, հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ», – ընդգծեց նախարարը:

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ բոլոր դիվերսիոն գործողությունները հասել են մինչ այդ ինժեներական սարքավորումները և կանգ են առել՝ չկարողանալով առաջ գնալ:

«Հարց է ծագում, թե ինչպես է ստացվում, որ մարդիկ սահմանը հատում են: Մեր լեռնային պայմանները թույլ չեն տալիս ամբողջությամբ յուրաքանչյուր մետրը փակել: Որոշ տեղերում կան բաց տարածքներ, այդ տեղերում կան համապատասխան նշաններ, բայց բնակիչները դրանց ուշադրություն չեն դարձնում: Փորձը ցույց է տալիս, որ սահմանը հատած մարդկանց մեծ մասը հոգեկան շեղումներ ունեցող անձինք են և ուշադրություն չեն դարձնում դրան», – նշեց նախարարը:

Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին՝ Ս. Օհանյանը նշեց, որ հակառակորդը չի կարողանում հանգիստ նստել, հակառակորդը որդեգրել է քաղաքականություն՝ բանակցային գործընթացին զուգահեռ, որպեսզի լարվածություն ստեղծի:

«Այս ամբողջ գործընթացի ընթացքում ստեղծել ենք պայմաններ, որ այլևս Հայաստանի և Արցախի հետ պարտադրելու պայմանով խոսելն անհնար է: Երկրորդ անգամ պարտադրված վիճակում բանակցային գործում մենք չենք ուզում հայտնվել:
Արցախի ինքնորոշմանն այլընտրանք չկա: Այն հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած, այսօր բազմապատկվում են», – հայտարարեց նա:




Լրահոս