Գործարկվել է ՀՀ շտապօգնության տեղեկատվական վերլուծական նոր համակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ից մեր երկրի շտապօգնության ծառայությունում ներդրվել է Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգը, որը շտապօգնության կանչերի գրանցման, տեղեկատվական հոսքերի ապահովման եւ պահպանման համակարգ է: Համակարգը ստեղծվել է ՀՀ Առողջապահության նախարարության «Աջակցություն շտապբուժօգնության ծառայություններին» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի կողմից մշակվել է նաև էլեկտրոնային կանչի թերթիկը՝ լրացման կարգով, որակի և կատարողականի գնահատման 80 ցուցանիշ, շտապ օգնության կանչերի կատեգորիաները, շտապ օգնության ծառայության հետագա զարգացման ռազմավարությունը, հանրային կրթական նյութեր և այլն որը Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով գործածության մեջ է դրվել շտապօգնության տրամադրող բոլոր բուժհիմնարկներում:

Շտապօգնության 1-03 ծառայությունը, կանչը ստանալուն պես, էլեկտրոնային կանչի թերթիկը փոխանցում է շտապօգնության բրիգադին: Կանչի մասին բրիգադի բժշկին հաղորդում է պլանշետը: Յուրաքանչյուր բժիշկ կանչից հետո լրացնում է էլեկտրոնային թերթիկը, թե հիվանդն ինչ խնդիր ունի, ինչպիսի բուժօգնություն է ցուցաբերվել նրան, ինչ դեղորայք է ընդունել և այլն: Այս տեղեկատվությունը մուտքագրվում է շտապօգնության ծառայության տվյալների բազա, և եթե կանչերը միևնույն հիվանդի կողմից կրկնվում են, ապա շտապօգնության բժիշկը հնարավորություն է ունենում մինչև կանչի հասցե հասնելը ծանոթանալ հիվանդի պատմությանը:

Շտապօգնության տեղեկատվական վերլուծական նոր համակարգի ներդնումը հնարավորություն է տալիս բարձրացնել աշխատանքի օպերատիվությունն ու շտապ բուժօգնության ծառայությունների որակը: Ներդրված համակարգի շնորհիվ բոլոր կանչերի վերաբերյալ ավտոմատ հաղորդագրություն է ուղարկվելու պոլիկլինիկաներին՝ տեղեկացնելով, թե իրենց տեղամասի բնակիչներից ինչպիսի կանչեր են եղել, ինչ ախտորոշումներով: Սա թույլ է տալիս հետևել այդ հիվանդի հետագա առողջական վիճակին:

ՀՀ ԱՆ «Աջակցություն շտապբուժօգնության ծառայություններին» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրի կողմից մշակվել և գործարկվել է նաև ՀՀ շտապ բժշկական օգնության ծառայության պաշտոնական կայք էջը՝ www.1-03.am, որն ամբողջական տեղեկատվություն է տրամադրում ծառայության վերաբերյալ: Կայքը բաղկացած է համապատասխան բաժիններից, որոնք տրամադրում են տեղեկատվություն ոլորտը կարգավորող նորմատիվ փաստաթղթերի, Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի շտապօգնության կայանների մասին, ինչպես նաև ներկայացված են ոլորտին վերաբերող վիճակագրական տվյալներ:

Բժշկական հաստատություններ բաժնում կայքի այցելուները կարող են գտնել բոլոր հիվանդանոցների, ԱԱՀ հաստատությունների, ծննդատների կոնտակտային տվյալները` հասցեներ, հեռախոսահամարներ, էլեկտրոնային հասցեներ:
Մասնագետների համար նախատեսված բաժնում զետեղված է գրականություն, ապացուցողական բժշկության էլեկտրոնային աղբյուրներ, վերապատրաստման ուսումնական ծրագրերը և ՀՀ ԱՆ կողմից մշակված շտապ օգնության ծառայությունում առավել հաճախ հանդիպող իրավիճակներում շտապ բուժօգնության տրամադրման գործելակարգերը: Այս գործելակարգերի կիրառումը հնարավորություն է տալիս միօրինականացված և ապացուցողական բժշկության վրա հիմնվող բուժօգնություն տրամադրել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

Կայքում այցելուները կարող են գտնել նաև առաջին օգնության մասին օգտակար տեղեկատվություն և կրթական նյութեր՝ մինչ ՇՕ բրիգադի ժամանումը առաջին օգնության ցուցաբերման վերաբերյալ:

Կայքն ունի նաև ֆորում բաժին, որտեղ այցելուները իրենց հուզող հարցերի շուրջ քաննարկումներ ծավալելու և բժշկի կողմից խորհուրդներ ստանալու հնարավորություն ունեն:




Լրահոս