Նախագահին 7 տարի նշանակելով ո՞ւր կհասնենք. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը հրավիրել է «Սահմանադրական բարեփոխումներ. Թեր և դեմ» թեմայով խորհրդաժողով, որին ներկա են սահմանադրական հանձնաժողովի անդամներ, պատգամավորներ, փորձագետներ: Խորհրդաժողովի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նախ կոչ արեց իր խոսքի մեջ որևէ անձնական վիրավորանք չփնտրել, քանի որ դա բացառվում է:

«Մենք ձգտում ենք հասնել ժողովրդավարական պետության, սակայն դեռ չենք հասել, և դա միայն իմ տեսակետը չէ: Ինչի՞ց է, որ խորհրդարանական ուժերը դեմ են փոփոխություններին, իսկ իշխող մեծամասնությունը, որ նախկինում դեմ էր, հիմա կողմ է», – ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Հովհաննիսյանի խոսքով՝ Սահմանադրությունը ոչ միայն բովանդակություն է, այլև՝ ընթացակարգային արժեք: Անդրադառնալով առաջարկվող փոփոխությունների բովանդակությանը, նա ասաց.

«Հարց է ծագում, թե նշանակովի նախագահին 7 տարի նշանակելով՝ ո՞ւր կհասնենք: Եթե այդ փաստաթուղթը հիմա գոյություն ունենար, ի՞նչ կփոխեր մեր քաղաքացու կյանքում: Շահերի բախումը մեզ մոտ ամեն տեղ է՝ դատական, օրենսդիր, գործադիր մարմիններում: Միգուցե, գնացքն արդեն մեկնել է, և շատ ուշ է այդ մասին ասել: Բայց շատ սխալ է, որ դատական մարմնի անդամը, որը կոչված է քննարկելու փոփոխությունների սահմանադրականությունը, ներքաշվել է այս գործընթացի մեջ: Պետք է այս փաստաթուղթը ներկայացվի այն մարդկանց կողմից, ովքեր կապ չունեն դատական իշխանության հետ», – ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է:




Լրահոս