Հոկտեմբերի 15-ից հետո Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կներկայացվի հանրության դատին, որից հետո կսկսվի քաղաքական բանակցությունների փուլը: Այս մասին «Սահմանադրական բարեփոխումներ. Թեր և Դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Նա նշեց, որ այս ընթացքում հայեցակարգի շուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել թե՛ քաղաքական ուժերի, և, թե՛ մարզերում շահագրգիռ այլ անձանց և մասնագետների հետ:
«Մեր խնդիրն է ցույց տալ, թե ինչ խնդիրներ ունի մեր Սահմանադրությունը, և ինչպես կարող ենք դրանք լուծել: Սահմանադրական հանձնաժողովը գտնում է, որ բարեփոխումներն անհրաժեշտ են, քանի որ 1995-ի մեր Սահմանադրությունն իշխանակենտրոն էր, այլ ոչ թե մարդակենտրոն», – ընդգծեց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ 2005թ. նոր սահմանադրական փոփոխություններ եղան, սակայն դրանք չկարողացան լուծել իշխանական համակարգի հիմնախնդիրները:
«Անկախության ձեռքբերումից քառորդ դար անց մենք չենք կարող արձանագրել, որ ժողովրդավարությունը հուսալի հիմքերի վրա է, իսկ մարդու իրավունքները՝ լիովին պաշտպանված: Հենց դա է պատճառը, որ այս փոփոխությունների ելակետը հենց համակարգային փոփոխություններն են», – կարծում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը:
Վերջինիս խոսքով՝ մենք չունենք իշխանությունների բացարձակ հավասարակաշռություն: «Իշխանությունն այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակապես: 1995թ. Սահմանադրությունը մոտ է բացարձակին և գրեթե անվերահսկելի է», – հայտարարեց Վ. Պողոսյանը: