Այսօր «Ժառանգության» հրավիրած «Սահմանադրական փոփոխություններ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` ներկայացնելով իրենց դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
Նրա խոսքով` սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմակերպած քննարկումների ընթացքը ցույց տվեց, որ սահմանադրական փոփոխություններն իշխող ուժի համար դարձել են թիվ մեկ օրակարգ:
«Քաղաքական ուժերի զգալի մեծամասնությունը, մասնավորապես՝ խորհրդարանական 6 ուժերից 4-ը, նաև՝ արտախորհրդարանական ուժեր, ովքեր դեմ չէին սահմանադրական փոփոխություններին, գտնում են, որ այս պահին այդ փոփոխությունների ժամանակը չէ, ձևավորվեցին երկու հակադիր բևեռներ»,- ընդգծեց Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ «Ժառանգությունը» կողմ է սահմանադրական փոփոխություններին, առավել ևս` պետական կառավարման համակարգի փոփոխությանը:
«Չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ կարող է դեմ լինել սահմանադրական փոփոխություններին, որովհետև պետությունը կենդանի օրգանիզմ է նաև, և պետք է ժամանակի մեջ փոխվեն սահմանադրական շեշտադրումները: Բայց հարց է առաջանում՝ արդյոք ներկա վիճակը պայմանավորվա՞ծ է սահմանադրությամբ. մեր գնահատմամբ` ոչ»,- ասաց պատգամավորը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքերով՝ նախորդ՝ ոչ լեգիտիմ նախագահական ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ժողովուրդը չէ, որ ձևավորում է իշխանություն: Պատգամավորը նշեց, որ եթե քաղաքական մեծամասնությունը քննարկի ու ընդունի հետևյալ առաջարկությունները՝ ընտրական օրենսգրքի փոփոխություն, ԱԺ-ի կողմից «Խորհրդարանական ընդդիմության մասին» օրենքի ընդունում, սահմանադրական հանրաքվեից հետո բարեփոխված սահմանադրությամբ անցկացնել համապետական ընտրություններ, ապա «Ժառանգությունը» կմասնակցի փոփոխությունների ընթացքին: