Սեյրան Օհանյանը խորհուրդ տվեց դիմել Շուշան Պետրոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի պետական համալսարանում ուսանողներից մեկը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց, թե իրենք ինչպես կարող են մասնակից դառնալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝  սահմանապահ զինվորների կենցաղային վիճակի բարելավմանն ուղղված ծրագրին:

Նշենք, որ այս ծրագրի մասին պատգամավորը հարց էր բարձրացրել ԱԺ-ում։ Ս. Օհանյանը խորհուրդ տվեց դիմել երգչուհուն:

«Ես խորհուրդ կտամ դիմել Շուշան Պետրոսյանին, նա է այդ հարցը բարձրացրել։ Ես ասացի, որ առաջին գծի ամենակարևոր խնդիրը մարտական հերթապահությունն է, ինժեներական սարքավորումները, կառույցները, որոնք այսօր իրականացված են մարտական հերթապահության համար և պատրաստ վերախմբավորումից անցնել հիմնական պաշտպանության: Այդ  ինժեներական կառույցները հագեցած են»,-նշեց Սեյրան Օհանյանը:

Նա հավելեց, որ մի քանի ինժեներական կառույցների առկայությունն առաջին գծում թույլ է տալիս կանխել հակառակորդի՝ դասական ոճով մարտական գործողությունների սկսումը: Նախարարը նաև նշեց, որ ինքը պատգամավորին առաջարկել է, որ այդ աջակցությունն ուղղված լինի մշակութային միջոցառումների և սոցիալական խնդիրների իրականացմանը:

«Կարծում եմ, որ Շուշան Պետրոսյանի հարցադրումը հիմնականում որևէ մի հիմնադրամի ստեղծումն է, որտեղ հանգանակություններ կանեն և այն կուղղեն առաջին գծի սոցիալական խնդիրների լուծմանը: Միևնույն ժամանակ ասեմ, որ առաջին գծում համապատասխան գետնատնակներ, կենցաղային պայմաններ ստեղծված են, որպեսզի զինծառայողի սոցիալ-կենցաղային պայմանները նորմալ լինեն: Դրանք պարբերաբար, իհարկե, պետք է թարմացվեն, քանի որ ծառայության ընթացքում մաշվում են: Այդ ուղղությամբ մտածողները կարող են Շուշան Պետրոսյանի հետ ստեղծել համապատասխան հիմնադրամ և ըստ անհրաժեշտության աջակցել»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:




Լրահոս