Armenian text to speach

ԴԵՄՔԸ «ՉԻ ՏՎԵԼ», ՈՐ ԹԱՂՈՒՄ ԳՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նրանք, ովքեր իրենց քաջ ու անպարտելի են կարծում եւ սկսում անտեղի ուրիշի կյանքի, արժանապատվության հետ խաղալ, մի օր համոզվում են, որ իրենց արածը բումերանգի պես հենց իրենց է վնասում եւ շատ ավելի լուրջ, քան կարող էին պատկերացնել: Անչափահաս Քաջիկ Սերոբյանը հավանաբար արդեն համոզվել է:
Ինչպե՞ս է պատահել, որ 14-ամյա Աշոտ Ռ. Պողոսյանը, որը մեծ սեր ունի նկարչության հանդեպ, արժանացել է դրվատանքի` իր դպրոցի, ուսուցչի կողմից, Արարատի մարզպետի շնորհած դիպլոմին` պատանի նկարիչների «Սարյան-130» մարզային ցուցահանդես-մրցույթին մասնակցելու համար, հետո էլ ընդունվել Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ատամնատեխնիկական ֆակուլտետ` սովորելու, հանկարծ կյանքին վտանգ սպառնացող վնասվածք է հասցրել համակուրսեցուն: Ընդ որում, նախկինում չարատավորված Աշոտին Քաջիկն աֆեկտի` հոգեկան խիստ հուզմունքի վիճակին է հասցրել ընդամենը 7 օրում:
Եւ այսպես, ըստ քրեական գործի` ամբաստանյալ Աշոտը 2011թ. ընդունվել է Արարատի տարածաշրջանային քոլեջի ատամնատեխնիկական ֆակուլտետ եւ սեպտեմբերի 1-ից հաճախել քոլեջ: Նշված կուրսի 32 ուսանողներից 16-ը տղաներ են, 16-ը` աղջիկներ: Սակայն այդ կուրսի ուսանող Քաջիկ Ա. Սերոբյանի կարծիքով` իրենց կուրսում 17 աղջիկ է եղել եւ 17-րդի նկատմամբ ի սկզբանե հատուկ վերաբերմունք է դրսեւորել. սեպտեմբերի 2-9-ը գրեթե ամեն օր համակուրսեցիների ներկայությամբ վիրավորել է Աշոտին, ծաղրել նրան, անվանել «քույրիկ», «ղզիկ», «ֆուռաշկա», «դեմքդ տո՛ւր, թաղում գնամ»… Իսկ Աշոտը, լինելով ինքնամփոփ,  զուսպ եւ ոչ կոնֆլիկտային ու նաեւ վախենալով Քաջիկից, աշխատել է չպատասխանել նրան, խուսափել բախումից… Եղել են դեպքեր, որ Քաջիկը քաշքշել է Աշոտին, պահանջել նստած տեղից վեր կենալ, դասաժամերի ընթացքում հետեւից հարվածել է նրա գլխին: Աշոտը վիրավորվել ու կաշկանդվել է Քաջիկի վերաբերմունքից եւ միայն բավարարվել երբեմն նրան զգուշացնելով, որ իր հետ նման ձեւով չվարվի եւ նման արտահայտություններ չանի: Սակայն Քաջիկը, իրեն քաջի տեղ դրած, շարունակել է նույն ձեւով ճնշել Աշոտին:
2011թ. սեպտեմբերի 8-ին Քաջիկ Սերոբյանը քոլեջում կրկին ծաղրել է Աշոտին, ձեռքով հարվածել նրա գլխին: Աշոտը համարձակվել է պատասխանել Քաջիկին, որից հետո վերջինս պահանջել է, որպեսզի դասամիջոցին Աշոտն իջնի քոլեջի հետնամաս, որ «նրա հարցերը լուծի»: Նշված օրը` դասերից հետո` տուն գնալիս, Քաջիկը փողոցում քաշքշել է Աշոտի հագուստից եւ կռիվ հրահրել, սակայն համակուրսեցի տղաների միջամտությամբ վիճաբանությունը կանխվել է: Աշոտի պատմելով` ինքը գնացել է տուն, վերցրել դանակը եւ իջել բակում գտնվող իր աղունիկների տնակի համար փայտ սրելու: Ավարտել է, դանակը դրել գրպանը ու գնացել տուն: Հաջորդ` ճակատագրական օրը` սեպտեմբերի 9-ի առավոտյան, Աշոտը քոլեջ գնալիս նկատել է, որ դանակը մնացել է գրպանում, ու որպեսզի դասից չուշանա, այդ պահին տուն չի տարել, այլ գրպանից հանելով` դրել է պայուսակի մեջ: Այդ օրը քոլեջի տնօրինությունն ատամնատեխնիկական ֆակուլտետի 1-ին կուրսի աղջիկներին եւ տղաներին առանձնացրել է տարբեր խմբերում: Քաջիկը, ծաղրելով Աշոտին, համակուրսեցի աղջիկների ներկայությամբ բարձրաձայն ասել է, որ իրենց կուրսում մի աղջիկ է մնացել` Աշոտը: Վերջինս, ըստ ականատեսների, մի կարճ սեւեռուն հայացք է գցել Քաջիկի դեմքին ու առանց որեւէ բան ասելու հեռացել, իսկ 2-րդ դասաժամից հետո նկատել է, որ իր պայուսակը տեղում դրված չէ: Այն գտել է կողքի նստարանի տակից ու պայուսակից հանելով դանակը` կրկին դրել է տաբատի գրպանում:
Այդ ժամանակ Աշոտը, հավանաբար զգալով, որ  իրավիճակը լարվում  է եւ կարող է անվերահսկելի դառնալ, մոտեցել է կուրսղեկին, խնդրել է թույլատրել իրեն տուն գնալ` պատճառաբանելով, որ սրտխառնոց ունի: Վերջինս թույլ չի տվել, սակայն զգուշացրել է հաջորդ դասաժամի դասախոսին, որ եթե Աշոտի ինքնազգացողությունը շարունակի վատանալ, նրան տուն ուղարկի: 3-րդ դասաժամը սկսվելուց հետո, երբ դասախոսը գնացել է մատյանը բերելու, Քաջիկը մոտեցել է Աշոտին եւ պահանջել, որ նա վեր կենա եւ ուրիշ տեղ նստի: Սակայն վերջինս հրաժարվել է, որից հետո Քաջիկն ասել է` «դու ո՞վ ես, ա՛յ թուլա» ու բռնելով Աշոտի պարանոցից` քաշքշել է նրան ու բռունցքով հարվածել նրա կողքին: Աշոտը պատասխանել է Քաջիկին ու ձեռքով հարվածել նրա ուսին: Այդ ժամանակ Քաջիկն աթոռն է վերցել ու հարձակվել Աշոտի վրա, սակայն նրա գլխավերեւում է պահել ու ասել, որ իրեն խելոք պահի: Առանց հարվածելու աթոռը վայր է դրել ու կրկին վիրավորական արտահայտություններ արել Աշոտի հասցեին: Վերջինս էլ կտրուկ մոտեցել է Քաջիկին ու հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում դանակով մեկ անգամ հարվածել Քաջիկի որովայնին, որից հետո նյարդային վիճակում գոռալով ասել. «Ներվերս կերաք, դե մեռի՛ր»: Բայց Քաջիկը, բարեբախտաբար, չի մահացել, այլ կյանքին սպառնացող ծանր վնասվածք է ստացել` փայծաղի, ստամոքսի վնասումներով, որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերքի ձեւով:
Համակուրսեցիները Քաջիկին իջեցրել են քոլեջի բակ, որտեղից էլ ավտոմեքենայով տեղափոխել Արտաշատի բուժկենտրոն, իսկ Աշոտը, իջնելով քոլեջի բակ, դանակը նետել է  ծառի տակ ու վերադառնալով լսարան` լաց  եղել: Նա լսարանում հավաքված դասախոսներին ասել է, որ ինքն ուրիշ տարբերակ չի ունեցել, քանի որ Քաջիկը մի քանի օր շարունակ իրեն վիրավորել է: Հետագայում նախաքննական մարմինն Աշոտին մեղադրանք է առաջադրել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (ՀՀ քր.օր-ի 114 հոդված, 2-րդ մաս), որում Ա. Պողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նրան մեղավոր է ճանաչել նաեւ Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը եւ հաշվի առնելով Ա. Պողոսյանի անձը բնութագրող դրական տվյալները, ամբաստանյալի` 16 տարին չլրացած լինելու հանգամանքը եւ այդ պատճառով կալանք կիրառելու անկարելիությունը (ՀՀ քր.օր-ի 57 հոդված)` որոշել է նրան դատապարտել 1 տարվա ազատազրկման` 1 տարվա պայմանական փորձաշրջանով:  
Ի դեպ, դատարանում Քաջիկն ասել է, որ երբ կատակով «ֆուրաժկա…» է ասել Աշոտին, չի զգացել, որ վերջինս վիրավորվում է: Փաստորեն, նրան ապացույց էր պետք` դանակի մի հարված, որ համոզվեր դրա լրջության մեջ, եւ հասկանար, որ «ուրիշի դեմքով թաղում» չեն գնում:

 ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ



Լրահոս