Մաքսային կանոնների խախտման դեպքեր՝ Բագրատաշենի մաքսակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը Բագրատաշենի մաքսակետում 2014-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում մաքսային կանոնների խախտման 15 դեպք է հայտնաբերել: Ընդ որում, բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ մաքսանենգներն ամեն անգամ տարբեր մեթոդներով են փորձ արել շրջանցել մաքսային հսկողությունը: Այսպես. տարբեր ավտոմեքենաներիի զննմամբ վարչության աշխատակիցները հատուկ հարմարեցված թաքստոցներից` գազաբալոնի, բենզաբաքի, պահեստային անվադողերի միջից, նստատեղի տակից, բեռնախցիկի հատակից տարբեր մոդելների ավելի քան 330 բջջային հեռախոս են հայտնաբերել:

Այդպիսի գաղտնարաններից վերջերս էլ մոտ 50կգ տարբեր տեսակի դեղորայք և նույնքան էլ կոսմետիկ միջոցներ են բացահայտվել: Օրերս էլ վարչության աշխատակիցները ռենտգենյան զննմամբ` բեռնախցիկի հատակից բացահայտել են շուրջ 400կգ ավտոպահեստամասեր: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով էլ կանխվել են շուրջ 30 հազար տուփ սիգարետի արտահանման փորձերը: Ընդ որում, այս  դեպքում մաքսանենգ պահեստի էին վերածվել Ռուսաստան ուղևորվող ավտոբուսների ոչ միայն բեռնախցիկներն, այլև սանհանգույցի համար նախատեսված  հատվածը:

Մեկ այլ դեպքով էլ, կրկին բեռնախցիկի հատակից, հայտնաբերվել են շուրջ 110կգ տարբեր տեսակի լվացքի փոշիներ և հեղուկներ: Բագրատաշենի մաքսակետում վարչության աշխատակիցների ուշադրությունից չի վրիպել նաև անօրինական ճանապարհով ավտոմեքենաների ներկրման փորձերը. կանխվել է արտասահմանյան համարները տեղականով փոխարինելու հնարքով առանց հայտարարարագրման ավտոմեքենա ներմուծելու փորձը: Ի դեպ, տարեսկզբին շուրջ 1 տոննա «հերոին» տեղափոխելու փորձ կատարած բեռնատարի վերաբերյալ որոշակի կասկածներ առաջացել էին հենց Բագրատաշենի մաքսակետը հատելու ընթացքում:




Լրահոս