«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կիրակի օրն արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի Մխչյան գյուղում: Երիտասարդ մի աղջիկ վթարի է ենթարկել 3-ամյա Ալեն Սիմոնյանին, որը հիվանդանոցում մահացել է: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ վրաերթի հեղինակը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանի դուստր Ալլա Աբրահամյանն է: Իսկ Արսեն Աբրահամյանն ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին է:
Ի սկզբանե տեղեկություններ տարածվեցին, որ վարորդը վթարի է ենթարկել մի մանկահասակ երեխայի եւ դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն ավելի ուշ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին: Մենք տեղեկացանք, որ վրաերթի ենթարկվածը Մխչյան գյուղի բնակիչ 3-ամյա Ալեն Սիմոնյանն է: Մխչյան գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը` երեկոյան ժամին: Գյուղի բնակիչները փողոցում հավաքված են եղել, երբ հանկարծ մեծ արագությամբ «Ռենջ Ռովեր» մակնիշի 70 ՏՏ 777 համարանիշներով մի մեքենա է սլացել եւ երեխային հարվածել:
Ըստ այլ տեղեկությունների` մեքենան կայանված է եղել մահացած երեխայի տան դիմաց: Երեխան, հեծանիվով խաղալով, եկել եւ կքանստել է ավտոմեքենայի անվադողի մոտ, իսկ վարորդը` Ալլա Ադիբեկյանը, մեքենային ձախ կողմից մոտենալով, նստել է եւ չնկատելով երեխային` շարժի գցել մեքենան: Մոտ 1 մետր ընթանալուց հետո 21-ամյա վարորդը ավտոմեքենայի հետեւի մասից ձայն է լսել եւ իջնելով ու տեսնելով երեխային` իր ավտոմեքենայով տեղափոխել է Մասիսի հիվանդանոց, որտեղ, սակայն, երեխան մահացել է:
Մխչյան գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ այդ վարկածը իրականությանը չի համապատասխանում, եւ վրաերթի ենթարկած աղջկա անունը փոխել են: Մխչյանցիների խոսքով, այդ ամենն արվել է այն պատճառով, որ 3-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած 21-ամյա աղջիկն ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդու` Արսեն Աբրահամյանի դուստրն է: «3-ամյա Ալեն Սիմոնյանի վրաերթի հեղինակը եղել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի աղջիկը` Ալլա Աբրահամյանը, որի ազգանունը փոխել են, որ ժողովուրդը չիմանա, թե ով ա եղել իրականում, բայց հո սաղ Մխչյանի բնակիչները լավ գիտեն, թե էտի ում անունն ա, ու ով ա եղել դրա հեղինակը»,-ընդգծեցին գյուղացիները:
Մեր զրուցակիցները նշեցին, որ Մխչյանում նման դեպքեր հաճախ են տեղի ունենում, քանի որ Աբրահամյաններն իրենց մեքենաները գյուղում այնպիսի արագությամբ են վարում, որ բարեբախտություն է նրանց անիվների տակը չհայտնվելը: Նման մի դեպք էլ վերջերս տեղի է ունեցել Ազատավան գյուղում, երբ Արսեն Աբրահամյանի եղբոր կինն է մի մարդու վրաերթի ենթարկել, որն ապրիլի 7-ին մահացել է: Մենք չկարողացանք զրուցել 3-ամյա երեխայի հարազատների հետ, քանի որ վերջիններս նշեցին, որ «սիրտ չունեն խոսելու»:
Իսկ 3-ամյա Ալեն Սիմոնյանի մահվան փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են պատրաստվում:
ՎՐԱԵՐԹԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԶԱՐՄՈՒՀԻՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ