«Հայաստանի շուրջ կամ մոտ տեղի ունեցող բոլոր այն իրադարձությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, լիարժեքորեն վերահսկվում են Պաշտպանության նախարարության կողմից»,-այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց նախարար Սեյրան Օհանյանը:
«Այսօր այն, ինչ մենք իրականացնում ենք մեր երկրի անվտանգության համար, լիարժեք է, որպեսզի մենք չթողնենք, որ այլ երկրների այլ կազմակերպություններ համապատասխան ազդեցություն ունենան: Ասել է թե՝ մենք լիարժեքորեն վերահսկում ենք այդ գործընթացը»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում Հայաստանի վարած քաղաքականությանը, Սեյրան Օհանյանը նշեց, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրականացնում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ հարաբերություններում:
Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև Ադրբեջանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ ասելով, որ այդ երկու երկրներն իրար հետ ունեն ռազմավարական միջոցառումների համապատասխան պլաններ: Նա համոզված է՝ զորավարժությունները պլանային են և վերահսկվում են: