Ուզում եմ հասկանալ, թե ինչին են դեմ. Հրայր Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ ոք չի կարող ասել և չի էլ ասում, որ մեր խնդիրները պետք է դնել մի կողմ և զբաղվել սահմանադրական փոփոխություններով: Այս մասին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կազմակերպած «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ նշեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:

Նա ներկայացրեց, որ դեռևս 90-ականների կեսից են խոսել կառավարման խորհրդարանական համակարգի մասին: Ինչ վերաբերում է այն մոտեցումներին, որ գործող Սահմանադրությունը լավն է, պարզապես պետք է կիրառել, Հրայր Թովմասյանն ասաց. «Եթե այն լավն է, ուրեմն՝ կիրառվում է, եթե չի կիրառվում, ուրեմն՝ ներքին խնդիրներ ունի»։

Անդրադառնալով այն տեսակետին, որ որոշ փոփոխություններ կարելի է անել նաև գործող Սահմանադրությամբ, պարզապես քաղաքական կամք է պետք, Հ. Թովմասյանը ընդգծեց. «Ես չեմ ցանկանում, որ իմ երկրում ամեն ինչ բացառապես կախված լինի քաղաքական կամքից: Եթե չկա այդ կամքը, միգուցե, Սահմանադրությամբ հնարավոր է դա ամրագրել»:

Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտված անձանց, Թովմասյանը նշեց. «Ինչի՞ն են դեմ, դեմ են, որ մեկ խմբակցությունը ՍԴ դիմելու իրավունք ունենա՞, որ մի շարք վերահսկողական պաշտոններում ընտրվող անձանց մեջ մասնակցություն ունենա նաև փոքրամասնությո՞ւնը, դեմ են, որ արդարադատության խորհուրդը ավելի թափանցի՞կ աշխատի: Ես ցանկանում եմ հասկանալ, թե ինչին են դեմ»:




Լրահոս