Դատախազի և հացադուլավոր կալանավորի հեռակա հակամարտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի նախկին տեսուչ, մոտ 19 ամիս կալանքի տակ գտնվող Տիգրան Մելիքյանն արդեն 11 օր է` հացադուլի մեջ է:

Armlur.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զայիլյանը տեղեկացրեց, որ կալանավորի հոր հետ ինքն է անձամբ զրուցել և նրանից է տեղեկացվել խնդրի մասին: Արայիկ Զայիլյանի փոխանցմամբ` կալանավորը նամակ-խնդրագրով դիմել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանին` իր հետ հանդիպելու համար, սակայն նամակն անպատասխան է մնացել:

«Քանի որ «Վանաձոր» ՔԿՀ-ն տարիներ շարունակ բժիշկներ չունի, կալանավորի հայրը ստիպված քաղաքից բժիշկ է տարել, որ որդուն զննեն: Բժիշկն էլ ասել է, որ նրա վիճակը շատ վատ է և անհամատեղելի է հացադուլի հետ: Սակայն ոչ մի արձագանք համապատասխան կառույցներից դեռևս չկա: Մենք ամեն կերպ փորձել ենք կապ հաստատել դատախազի տեղակալի հետ, սակայն նա իր քարտուղարուհուն ասել է, որ փոխանցի, թե չի ցանկանում պատասխանել հեռախոսազանգերին»,- տեղեկացրեց իրավաբանը:

Իսկ Ա. Շարոյանը տեղեկացրել է, որ կալանավորից ոչ մի նամակ չի ստացել և տեղյակ չէ նրա հայտարարած հացադուլի մասին: Այդուհանդերձ, նա նշել է, որ կհանդիպի կալանավորին և կփորձի պարզել նրա հացադուլի պատճառները:

Շարոյանի նշված պարզաբանման վերաբերյալ Արայիկ Զայիլյանը նշեց, որ չի հասկանում` ինչու է դատախազի տեղակալը նման կերպ արտահայտվել, և հետևողական կլինի` իմանալու համար` Շարոյանը կատարեց իր խոստումը, թե ոչ:

Նշենք, որ Մելիքյանը մեղադրվում է 2013թ. մայիսի 15-ին Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու` Մոտկորի անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ: Հարուցված քրեական գործը` 104 հոդվածի հատկանիշներով, Տիգրան Մելիքյանը չի ընդունում և, որպես բողոքի նշան, անժամկետ հացադուլ է հայտարարել:

Armlur.am-ը Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացավ, որ սեպտեմբերի 12-ին Տիգրան Մելիքյանն ահազանգել է իրենց, քանի որ արդեն 7 օր նրա հացադուլին և դիմումին ոչ ոք չի արձագանքում:

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները փորձել են կապ հաստատել դատախազ Ա. Շիրոյանի հետ՝ տեղեկացնելու կամ տեղեկանալու՝ արդյոք նա տեղյակ է Տիգրան Մելիքյանի դիմումի մասին: Ամբողջ օրվա ընթացքում Ա. Շիրոյանի գործավարուհին հայտնել է, որ նա զբաղված է և չի կարող պատասխանել հեռախոսազանգին, և, պատասխանելով իրավաբանի վերջին զանգին, հայտնել է, որ դատախազը կարգադրել է, որ հեռախոսազանգերին չի ցանկանում պատասխանել: Այսպիսով, դատախազ Ա. Շիրոյանն աշխատանքային ժամին հրաժարվել է պատասխանել ՀՀ քաղաքացու կյանքի և մահվան խնդրին վերաբերվող հարցով հեռախոսազանգին:

Դատախազության նամակների բաժնում այնպիսի «օրինապահ» մասնագետներ են աշխատում, որ նույնիսկ դիմումը ստանալու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար գրավոր հարցում են պահանջում: Մինչ դատախազությունում խուսափում են խնդիրներից ու իրենց պարտականությունների կատարումից, Տիգրան Մելիքյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում է: Նրա հայրն արդեն մեկ անգամ քաղաքացիական հիվանդանոցից բժիշկ է հրավիրել՝ զննելու որդուն: Բժիշկը հայտնել է, որ Տ. Մելիքյանի առողջական վիճակն անհամատեղելի է հացադուլի հետ: Այսպիսով` ՀՀ քաղաքացին 10 օր է` հացադուլի մեջ է, սակայն պատկան մարմիններից ոչ մեկը նրա խնդրի վրա ուշադրություն չի դարձնում»,- նշվում է ՀՔԱ հաղորդագրության մեջ:




Լրահոս