ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՆԱՅԻՆ ԳԱՀԱՎԻԺՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական կուսակցությունները նախընտրական այս օրերին աչքի են ընկնում բնակչության նկատմամբ «գերընկալունակությամբ»: Դա առանձնապես նկատելի է այս շրջանում, երբ սպառողական բազմաթիվ ապրանքների գներ նվազել են:
Օրինակ` մարտի 1-ի համեմատությամբ, 40գ-ոց մատնաքաշը նախկին 160-ի փոխարեն վաճառվում է 120 դրամով, շաքարավազի գինը նվազել է 12 դրամով: Հավկիթը 58 դրամի փոխարեն վաճառվում է 50 դրամով: Տնտեսական որոշ ապրանքներ եւս էժանացել են, օրինակ`  ատամի «Colgate» մածուկի գինը իջել է 40 դրամով, իսկ  «Camey» oճառինը` 50 դրամով եւ այլն:  
Սակայն առաջին անհրաժեշտության սպառման ապրանքները, մասնավորապես մսամթերքը, սուրճի որոշ տեսակներ գների անբացատրելի աճ են գրանցել: «Արմաշ» տեսակի 5 կգ-ոց ալյուրի մեկ պարկը թանկացել է 265 դրամով նախկին 1285-ի նկատմամբ: Վերջերս այդքան աղմուկ հանած վառելանյութի թանկացումը եւս արդարացում չունի: Հարկ է նշել, որ միջազգային շուկայում վառելանյութի, մասնավորապես բենզինի չնչին  թանկացումը Հայաստանում գերազանցվեց մի քանի անգամ: Այս պահի դրությամբ էլ բենզինի գինը տատանվում է 500-550 դրամի սահմաններում: Մարտի 9-ի համեմատությամբ, ապրիլի 18-ին բենզինի գնաճը կազմել է 30-80 դրամ: Դիզվառելիքը 1 ամիս առաջ վաճառվում էր  450, այսօր` 480 դրամով: Փաստորեն, միայն 2012թ. առաջին 4 ամիսների ընթացքում բենզինը Հայաստանում թանկացել է ավելի քան 13 տոկոսով, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ո՞րն է թանկացման պատճառը, ինչո՞ւ է բենզինը թանկանում բոլոր բենզալցակայաններում միաժամանակ՝ գրեթե նույն ժամին, ի՞նչ կարգով է վերահսկվում գնաճը շուկայական հարաբերություններում, ինչո՞վ է պայմանավորված լայն սպառման, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը:  
Այս եւ ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ին  պարզաբանումներ տվեց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի լրատվության պետ Գայանե Սահակյանը.  «ՀՀ ՏՄՊՊՀ ամենօրյա գնային դիտանցումների  արդյունքները  ենթարկվում են վերլուծության, եւ գնային փոփոխությունների դեպքում հանձնաժողովն անմիջապես ձեռնարկում է կոնկրետ միջոցառումներ: Տնտեսվարողից պահանջվում է ներկայացնել փաստաթղթային հիմնավորումներ: Եթե հայտնաբերվում են գնային չհիմնավորված բարձրացումներ, ապա տվյալ տնտեսվարողի հանդեպ հարուցվում է վարչական վարույթ, եւ ըստ իրավախախտման բնույթի` կիրառվում է համապատասխան պատիժ: Վերջերս «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը տուգանվել է 5 մլն դրամով: Նախորդ ամիս 100 մլն դրամով տուգանվեց բենզինի եւ դիզելային վառելիքի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող խոշոր ընկերությունը` «Սիթի փեթրոլ գրուպ»-ը`  գերիշխող դիրքի չարաշահման համար: Դարձյալ վերջերս 10 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել պարարտանյութերի շուկայում գերիշխող «Քեթրին գրուպ» ընկերության հանդեպ:  Անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար օրենքով նախատեսված առավելագույն պատիժ է կիրառվել նաեւ կաթնամթերքի շուկայի խոշոր ընկերությունների հանդեպ: «Աշտարակ կաթ» ընկերությունը տուգանվել է  50  մլն դրամի չափով,  «Անի կաթ»-ը` 5 մլն դրամի չափով, իսկ  «Դուստր Մարիաննա»  ընկերության տուգանքի չափը կազմում է 20  մլն դրամ»:
Անդրադառնալով բենզինի գնաճին` Գ. Սահակյանը նշեց, որ հանձնաժողովը տարեսկզբից հետեւում է բենզինի եւ դիզելային վառելիքի շուկայում տեղի ունեցող զարգացումներին, որոնք համադրվում են միջազգային եւ տեղական գների հետ: Բացի այդ, հանձնաժողովն անդրադառնում է ներհայաստանյան գործոններին, որոնք եւս կարող են ազդել շուկայում գների ձեւավորման վրա: Սակայն դրանք ընթացիկ ուսումնասիրություններ են, դեռ որեւէ տնտեսվարողի նկատմամբ վարույթ չի հարուցվել: «2012թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում ռեգուլյար տեսակի 1 լիտր բենզինի գինը 440-ից դարձել է 490 դրամ` ավելանալով 11%-ով կամ բացարձակ արժեքով` 50 դրամով: Ընդ որում, տեղական գների շուրջ 11-տոկոսանոց աճը զուգորդվել է միջազգային գների համանման աճով եւ փոխարժեքի շուրջ 1.2-տոկոսանոց աճով: Նշենք, որ ներկայում եւս դիտարկվում է վաճառքի գների բարձրացում, եւ ապրիլ ամսվա սկզբին ռեգուլյար տեսակի 1 լիտր բենզինի գինը կազմում է 500 դրամ»,-տեղեկացնում է Սահակյանը` հավելելով, որ հանձնաժողովը չի սահմանափակվում կատարված վերլուծությամբ եւ այս պահին շարունակում է ուսումնասիրել նաեւ հիմնական ներկրողներից ստացված փաստաթղթերը եւ վերջինների հիմնավորումները գնային փոփոխությունների վերաբերյալ:
Գ. Սահակյանը փաստեց նաեւ, որ առաջնային ապրանքատեսակների շուկայում գնային էական փոփոխություններ չկան: Օրինակ` «Զոլոտայա սեմեչկա» տեսակի բուսական յուղը 830 դրամից նվազել է 820, իսկ որոշ խանութներում մինչեւ 790 դրամ, «Ռոյալ Բրազիլիա» տեսակի սուրճի գինն անփոփոխ է` 350 դրամ, կամ «Ռոյալ Արմենիա»-ն` 340 դրամ, չի փոփոխվել նաեւ սուրճի հատիկավոր «Ռոբուստա» եւ «Արաբիկա» տեսակների գինը: «Ինչ վերաբերում է ալյուրի գնի թանկացմանը, ապա այս առնչությամբ ՏՄՊՊՀ-ն արդեն հայտնել է ընթացիկ ուսումնասիրությունների արդյունքները: Համաձայն ներկրողների տրամադրած ձեռքբերման փաստաթղթերի, ինչպես նաեւ հանձնաժողովի վերլուծության` Հայաստանում ալյուրի թանկացման միտումները պայմանավորված են համաշխարհային շուկայում ցորենի գնի մոտ 25 տոկոս աճով: Նախկինում ձեռք բերված եւ կուտակված ցորենի եւ ալյուրի հաշվին Հայաստանում գնաճը կազմել է մոտ 9 տոկոս, սակայն այն հացամթերքի գնի վրա չի անդրադարձել, բացառությամբ Գյումրու, որտեղ մի քանի օր հետո խնդիրը լուծվեց, եւ հացի գինը դարձյալ իջավ նախկին մակարդակին»,-հավաստիացնում է Գ. Սահակյանը:

 ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս