Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն հոկտեմբերի 2-րդ կեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Փարիզում բանակցություններ անցկացնելու համաձայնություն են տվել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնեն:

Դեսպանը նշել է, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի երկրորդ կեսին՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ:

Մոնյերի խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի լուծման ուղիները և խաղաղ կարգավորման խոչընդոտները: Նա կարևորել է հանդիպումը, որը կկայանա Ուելսում նախագահների բանակցություններից հետո:

«Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր՝ Ֆրանսիան անում է հնարավորը այդ հակամարտության լուծման համար, և համարում է, որ այդ դրա կարգավորման ժամանակը վաղուց արդեն եկել է, – ընդգծել է Մոնյեն:

Այն հարցին, թե չի արժանանա արդյոք Օլանդի միջնորդական առաքելությունը Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի համանման նախաձեռնության ճակատագրին, դեսպանը պատասխանել է, որ հակամարտության կարգավորումը կախված է երկու երկրների նախագահներից, իսկ միջնորդների խնդիրն օգնելն է:

«Այն, որ նախագահները համաձայնվել են հանդիպել, արդեն մեծ ձեռքբերում է: Հիմնական նպատակն այն է, որ կողմերը հանդիպեն, որպեսզի փնտրեն բանակցություններում հաջողության հասնելու ուղիներ և գտնեն այդ խնդրի փոխադարձ ընդունելի լուծում», – ասել է նա:




Լրահոս