Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կենտրոնացել է միայն Չեմպիոնների լիգայի առաջին տուրի «ԱՊՕԵԼ»-ի դեմ խաղի վրա: Գլխավոր մարզչի խոսքով, նա ուշադրություն չի դարձնում այն հանգամանքի վրա, որ եվրոպական մրցաշարերում առաջին անգամ է որպես մարզիչ ներկայանալու:
«Սա հրաշալի մրցաշար է, իսկ մենք ինքներս նոր ենք սկսել առաջնությունը և դեռ պետք է շատ աշխատենք: Դանի Ալվեսը պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ և միայն սպասում է բժիշկների թույլտվությանը: Այսօր նա առանց որևէ խնդիրների է մարզվել:
Ինձ համար կարևոր չէ՝ խաղից առաջ հնչում է երաժշտություն, թե ոչ, իսկ Չեմպիոնների լիգայում իմ նորեկ լինելու հանգամանքն ինձ չի անհանգստացնում: Մեզ մի այնպիսի մրցակից է սպասում, որը կարող է բարդացնել մեր կյանքը, և մենք պետք է միայն այդ մասին մտածենք», – Էնրիկեի խոսքերն է է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Բարսելոնա»- «ԱՊՕԵԼ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: