13 հազար դոլար՝ փողոցային նկարները փչացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալիֆորնիայից նկարիչ Դևիդ Ուիլյամ Նոլլին, ով փչացրել էր հայտնի փողոցային նկարիչ Բենքսի` Յուտայի նահանգի Պարկ-սիթի քաղաքում ավտոտնակի վրա նկարված երկու գրաֆիտիները, մեղավոր են ճանաչել վանդալիզմում: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Նոլլը պետք է փոխհատուցի պատճառված վնասը, որը գնահատվել է 13 հազար ԱՄՆ դոլար: Մինչև 2014թ.-ի նոյմբերի 17-ը, երբ նախատեսվում է գործով վերջնական լսում անցկացնել, Նոլլը պետք է գտնվի կալանքի տակ:

Նա խոստովանել է, որ 2013թ.-ի դեկտեմբերի 31-ին Կալիֆորնիայից ժամանել է Պարկ-սիթի, շականակագույն ներկով ներկել գրաֆիտիներից մեկը և կոտրել մյուսը պատող ապակին: Տղամարդու խոսքով, այդ պահին հոգեկան հիվանդության նոպա է ունեցել և գրեթե ոչինչ չի հիշում:

Ավելի վաղ տղամարդը հինգ ամսվա ազատազրկման էր դատապարտվել Բենքսի երկու այլ գրաֆիտիները փչացնելու համար: Նոլլը հայտարարել էր, որ ատում է ժամանակակից արվեստը և վրդովված Բենքսի աշխատանքների հանդեպ ուշադրությամբ:

Բենքսին վերագրվող գրաֆիտին Պարկ-սիթիում հայտնվել է 2010թ.-ին՝ Sundance կինոփառատոնի ժամանակ: Նոլլին վանդալիզմի համար մեղադրելն ընկալվում է որպես պարադոքս, քանի որ Բենքսի աշխատանքները նույնպես ընկնում են այդ հոդվածի տակ:




Լրահոս