Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հանգիստ է իր թիմի պաշտպանության համար: Ֆուտբոլիստի խոսքով, ակումբի նորեկ Ժերեմի Մատյեն կարողացել է իրեն լավագույն կողմից դրսևորել և հարմարվել թիմի խաղաոճին:
«Մատյեն և Մասկերանոն նախորդ խաղը սկսեցին առաջին իսկ րոպեներից: Դա մարզչի որոշումն էր: Ես ինձ ֆիզիկապես հիանալի եմ զգում, չնայած ամեն ինչ չէ 100 տոկոսով լավ: Ամռանը մենք էականորեն ամրացրել ենք պաշտպանական գիծը, բայց մրցաշրջանը երկար է և պաշտպանությունում այդպես պետք է խաղանք մինչև վերջ:
Մատյեն ամեն ինչ հիանալի է կատարում: Նա արագ է, բարձրահասակ և հիանալի փոխանցումների է տիրապետում», – նշել է նա:
Ֆուտբոլիստը նաև անդրադարձել է իրենց գլխավոր մրցակիցներից մեկի՝ Մադրիդի «Ռեալ»-ի անհաջող խաղին՝ նշելով.
«Չպետք է մեզ թույլ տանք մտածել, որ հեշտությամբ կարող ենք հաղթել Իսպանիայի առաջնությունը: Չէ որ կարևոր չէ, թե ինչպես է խաղում «Ռեալ»-ը: Մադրիդցիները միշտ էլ պայքարում են տիտղոսների համար», – Պիկեի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: