Մայրաքաղաքի կանաչապատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ մշտական խնամք է տարվում կանաչ տարածքների պահպանման ուղղությամբ, կազմակերպվում են ոռոգման և խոտհնձի աշխատանքներ, իրականացվում է նաև ծառերի կրապատում: Ոռոգման աշխատանքներն առավել համակարգված դարձնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել և համապատասխան առաջարկություններ ներկայացնել խորքային հորեր գործարկելու և այդպիսով, անհրաժեշտության դեպքում, այլընտրանքային ոռոգում ապահովելու նպատակով:
Զեկուցվել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների, բակային տարածքների սանիտարական մաքրման նկատմամբ: Նշվել է նաև, որ պարբերաբար գույքագրվում են ընդհանուր օգտագործման տարածքներում տեղադրված աղբամաններն ու, ըստ անհրաժեշտության, լրացվում են նորերով: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել քաղաքացիների կողմից համայնքային գույքի՝ աղբամանների վնասման և դրանց անհետացման դեպքերին ու համապատասխան միջոցներ ձեռնարկել:
«Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ՝ քաղաքապետը հանձնարարել է յուրաքանչյուր շաբաթ օր մայրաքաղաքում կազմակերպել շաբաթօրյակի աշխատանքներ:
Բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցել է, որ ընդհանուր առմամբ նախատեսված 115 հազար 662 քմ-ից վերանորոգվել է 89 հազար 553 քմ-ը: Բացի այդ, իրականացվող աշխատատանքները վերահսկվում են բնակիչների կողմից: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է տանիքների նորոգման, ինչպես նաև նոր շենք-շինությունների կառուցման ընթացքում հատուկ հսկողություն սահմանել տանիքների թիթեղների միանման տեսքի ապահովման նկատմամբ և ձեռնարկել համապատասխան քայլեր:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել են նաև մշտական հանձնարարականները, որոնց վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել: