ԱՎԵԼԻ ՇԱՏ ՇՈՈՒ, ՔԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, ռեժիսոր ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ առհասարակ չի հետաքրքրվում քաղաքականությամբ, ոչ մի կուսակցության անդամ չէ: «Իմ անունն ինձ համար ավելի թանկ է»,-ասում է պարոն Ստեփանյանը` շեշտելով, որ  գումարի չափով էլ երբեք չի գայթակղվում:
-Ինչպե՞ս եք վերաբերում փաստին, որ այսօր Ձեր կոլեգաներից շատերը` մշակութային մարդիկ, մասնակցում են քաղաքական քարոզարշավներին:
-Սկսեմ նրանից, որ դա ինձ առանձնապես չի հետաքրքրում ու դժվար թե երբեւիցե հետաքրքրի: Իսկ իմ կոլեգաներին գնահատական տալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ միտք: Ամեն մարդ պատասխանատու է իր քայլերի համար: Եւ եթե նրանցից որեւէ մեկը որոշել է մտնել քաղաքականություն, ուրեմն ունի ինչ-որ պատճառներ, որոնց մասին, իրենից բացի, ոչ ոք չի իմանա:
Ես ունեմ քաղաքացու իմ դիրքորոշումը, որն իմ իրավունքն է: Ունեմ իմ մի ձայնը, որը տալիս եմ նրան, ում հավանում եմ: Մտնել քաղաքականության ու անիմաստ պայքարների մեջ, թեեւ դա ավելի շատ շոու է, քան ընտրապայքար, ես  ցանկություն անգամ չունեմ ու երբեք էլ չեմ ունեցել:
-Ոչ մի կուսակցությունից առաջարկ չի՞ եղել միանալ իրենց:
-Միշտ էլ եղել է:
-Ո՞ր կուսակցությունից:
-Դա կարեւոր չէ, չեմ ուզում ասել: Եղել է ոչ թե կոնկրետ առաջարկություն, այլ ասել են` եթե մեզ հետ մի տեղ, էսպես, էնպես, ես էլ ասել եմ` ո՛չ, հանրության մեջ ես դուրս եմ գալիս այնտեղ, որտեղ արվեստագետի պայքար է հարկավոր, այլ ոչ թե այս կամ այն դեպուտատի ընկերը, ծանոթն ու բարեկամը լինելու համար:
-Նույնիսկ նրանց կողքի՞ն չեք կանգնում, թեկուզ ձեւական:
-Երբեք ոչ մի շքախմբում չեմ եղել ու չեմ լինի:
-Շատերը գայթակղվում են գումարի չափով:
-Իմ անունն ինձ համար շատ ավելի թանկ է ու կարեւոր: Չեմ ուզում լինել վարձու, դե լավ, վարձու չասեմ, շատ կոպիտ է, միգուցե այս կամ այն արվեստագետն առանց որեւէ գումարի է որոշել կանգնել որեւէ մեկի կողքին: Իսկ նման առաջարկ ստանալու դեպքում ես անմիջապես դա  հերքում եմ ու հեռանում նման հարցերից: Առաջարկ անողներն էլ գիտեն` ինձ հետ նման բաների մասին անիմաստ է խոսել: Եթե հետս ընկերություն են ուզում անել, թող անեն Վիգեն Ստեփանյանի հետ, որպես, օրինակ, Պողոս Պողոսյանի կամ Սանթրոս Սանթրոսյանի, այլ ոչ թե որ ինքն իշխանություն ունի, ես էլ կարիք ունեմ իր իշխանության: Ես ոչ մեկի կարիքը չունեմ: Մի ցանկություն ունեմ, որ իմ երկիրը ծաղկի, ոտքի կանգնի, որ իմ երկրում լինի իսկապես մշակութային, կիրթ մթնոլորտ, ու որ այն բոլոր խոստումները, որ լսում ենք, կատարվեն:
-Չկա՞ մի կուսակցություն, ում քիչ, թե շատ հավատում եք:
-Իհարկե կա, բայց դա իմ` ընտրողի իրավունքն է: Ինձ համար գոնե այս ամենի մեջ այդ կուսակցությունն ավելի նախընտրելի է, որովհետեւ ես ինչ-որ չափով ճանաչում եմ այդ մարդկանց, գիտեմ` նրա խոսքն ու գործը որքանով են իրար հետ առնչվում:
-Կուսակցության անունը չնշեցիք:
-Դե դա սիրուն չէ, արդեն կդառնա քարոզ:
-Հավատո՞ւմ եք, որ այս ընտրություններից հետո որեւէ բան կփոխվի, թե՞, ինչպես արդեն նշեցիք, դա ավելի շատ ներկայացում է, ոչ թե ընտրական քարոզարշավ:
-Եթե ես հիմիկվանից ասեմ ո՛չ, ուրեմն պետք է թողնեմ ու գնամ այս երկրից: Ես, այնուամենայնիվ, ուզում եմ հավատալ: Հասկանո՞ւմ եք` որն է հարցը. ես ուզում եմ հավատալ, արժանապատիվ զգալ ինձ իմ երկրում, դա իմ ինքնազգացողության համար է, այլ ոչ թե մեկը կանգնի, ասի` վա~յ, ապրե՛ս, դու ինձ հավատում ես:
Ես հասկանում եմ միտումները, թե ինչու են մարդիկ կանգնում, աղաղակում, երբեմն նրանք ուզում են, որ փոխվի դեպի լավը, բայց իրենցից ավելի լավ ո՞վ գիտի, թե ինչ խոչընդոտներ են նրանց ճանապարհին, ոչ ոք: Եւ այդ խոչընդոտները հաղթահարելու համար ինչեր են պետք՝ իրենք գիտեն: Ու եթե իշխանությունն ինչ-որ խոստումներ է տալիս, ընդդիմությունը պետք է ոչ թե կանգնի ու փնովի իշխանությանը, այլ գոնե հետեւի` կատարվում են այդ խոստումները, թե ոչ: Ախր, ո՛չ նրանք են իրենց ասածն անում, ո՛չ սրանք:
-Այսինքն` խոստումները մնում են օդում կախված:
-Դե ամեն 4, թե 5 տարին մեկ մենք նույն խոսքերն ենք լսում: Գուցե եւ ուզում են, որ փոխվի դեպի լավը, բայց գործոններն իմ ձեռքում չեն, նրա ձեռքում են, ով այսօր իշխանություն է կազմում: Եթե դուք խոստանում եք, որ կյանքը կլավանա, հույսներդ ո՞ւմ վրա եք դրել, ձե՛զ վրա դրեք: Թող նրանք ոչ միայն բավարարվեն այդ խոստումներով, այլ իրագործեն:
շարունակելի

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս