Հիվանդանոցի առջև մահացած պտուղների հայտնվելը` հոր և դստեր քմահաճույքների պատճա՞ռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին Մասիս ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի և դիահերձարանին հարող տարածքի մոտ ներարգանդային փուլում գտնվող 2 մահացած պտուղներ էին հայտնվել:

Փաստի առթիվ ՀՀ բնապահպանույթան և Առողջապահության նախարարությունների վերահսկողության տակ գտնվող «Առողջության զարգացման» կենտրոն ՍՊԸ-ի երկու աշխատակիցների նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 284-րդ հոդվածի (վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը) չափանիշներով:

Այս առիթով ավելի վաղ Armlur.am-ի հետ զրույցում Մասիս ԲԿ-ի փոխտնօրեն Վարդան Տիգրանիչը հայտնել էր, որ «Առողջության զարգացման կենտրոն» կազմակերպությունը հավաքագրում է մահացած պտուղները, ապա` թափում: Սրա արդյունքում էլ անհասկանալի հանգամանքներում մահացած պտուղները հայտնվել են բուժկենտրոնի բակում:

Armlur.am-ը տեղեկանում է, որ ՍՊԸ-ի հիմնադիր մասնակցին և նրա դստերը` Ռազմիկ և Հասմիկ Խանդիմյաններին, մեղադրանք է առաջադրվել սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմերի խախտման համար:

Armlur.am-ը տեղեկացավ, որ մարտի 1-ին Բնապահպանության նախարարի կողմից ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է իրականացներ ՍՊԸ-ի աշխատանքների ստուգում:

Այն բանից հետո, երբ նախարարությունը նամակ է ուղարկել «Առողջության զարգացման կենտրոնին», զգուշացնելու համար, որ տեսչության կողմից պետք է ստուգումներն իրականացվեն, տնօրենը խուսափել է աշխատանքներից:

Նրա պարզաբանումը եղել է այն, թե կենտրոնի հիմնադիրը Հայաստանում չէ:

Փաստի առթիվ հարուցվել է կարգապահական վարույթ, իսկ դրա մասին ուղարկված հաջորդ նամակը հետ է ուղարկվել:

Նշենք, որ քննության ընթացքում պարզ է դարձել, որ հայտնաբերվել են այլ պտուղներ ևս, իսկ պատճառը եղել է կենսաբանական թափոնների չոչնչացնելը:




Լրահոս