Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը, ով հունիսի 9-ին վիրահատվել էր, համացանցի իր էջում տեղեկացնում է, որ իր հեղինակած «Մանդիլիոն» գիրքը թարգմանվում է նաև անգլերեն:
Նա իր խոսքում մասնավորապես նշում է. «Հարգելի ընկերներ, մեկ տարի առաջ ես ներկայացրեցի ձեզ իմ՝ «Մանդիլիոն» վեպը, որը տպագրվել էր ռուսերենով և հասանելի էր միայն Երևանի գրախանութներում: Գրքի նկատմամբ հետաքրքրությունը գերազանցեց սպասելիքներս, և սփյուռքից իմ ընկերները նախաձեռնեցին գրքի թարգմանությունն անգլերեն, որպեսզի այն դառնա հասանելի լայն շերտերին տարբեր երկրներում: «Մանդիլիոնը» լավագույնն է նրանց համար, ովքեր իսկապես սիրում են պատմությունը: Սյուժետը պատմում է պատմական դեմքերի մասին, ինչպիսիք են Աբգար թագավորը և Կոնստանտին XI կայսրը, ինչպես նաև Կոնստանդնուպոլսի գրավումն այնպիսի մանրամասներով, որոնք ներառված չեն դասագրքերում: Հույս ունեմ՝ ձեզ դուր կգա: Հարգանքներով, Վ. Հ.»:
Ի դեպ, նշենք, որ Վահան Հովհաննիսյանը վաղուց հաղորդակցության մեջ չէր մտել հանրության հետ, և երկարատև ընդմիջումից հետո սա առաջին խոսքն էր` ուղղված հայերին:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին երկարատև հիվանդությունից հետո մահացավ Վահան Հովհաննիսյանի եղբայրը` 1970 թվականին ծնված Արտավազդ Հովհաննիսյանը: