ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տղաս` Կարո Պողոսյանը, մայիսին պետք է զորակոչվի բանակ, բայց ունի «դեմոդեքս» մաշկային հիվանդություն: Նախորդ անգամ այդ հիվանդության հետեւանքով 6 ամսով հետաձգվեց տղայիս՝ բանակ գնալը: Նա բուժման կուրս անցավ, բայց հիվանդությունը չի անցնում: Շատ դեղեր է օգտագործել, բայց դրական փոփոխություն չկա: Ուզում եմ իմանալ, թե այդ հիվանդության դեպքում որքան ժամանակով կհետաձգվի տղայիս` բանակ գնալը: Եթե հիվանդությունը չի անցնում, արդյո՞ք կտանեն բանակ:

Անժելա Պողոսյան, 57 տարեկան,
տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Զինակոչիկ Կարո Պողոսյանի մոտ ախտորոշվել է «դեմոդիկոզ» մաշկային հիվանդությունը, որի պատճառով, համաձայն «Զինապարտների բժշկական եւ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարության 2010 թվականի թիվ 175 հրամանի (հավելված 1, «Հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների ցանկ», 89 «գ» հոդված, 1-ին սյունակ http://www.mil.am/files/175-N-1323764478-.pdf), տրվել է տարկետում վեց ամիս ժամկետով: Ըստ սահմանված կարգի` զինակոչիկը, մինչեւ զորակոչը, տարածքային զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից պետք է կրկնակի ուղեգրվի մաշկաբանության ԳՀԿ` հետազոտման եւ ախտորոշման նպատակով, որից հետո ներկայացվելու է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին: «Դեմոդիկոզ» հիվանդությամբ զինակոչիկի տարկետման եւ զինծառայության պիտանելիության հարցը իրավասու է որոշելու միայն Կենտրոնական բժշկական հանձնաժողովը` հաշվի առնելով հիվանդության վերաբերյալ ներկայացված ակտը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես հայտնի է, մաշկային հիվանդությունները վարակիչ են: Իսկ «դեմոդիկոզ»-ով հիվանդ երիտասարդը բանակ պետք է զորակոչվի 100 տոկոսով առողջ լինելու եւ բժիշկների կողմից հիվանդության բռնկման հավանականությունը բացառելու դեպքում: Այսչափ հստակ թվացող իրավիճակում թե ինչ ու ինչի դիմաց պետք է որոշի Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, մնում է «անհայտ»:




Լրահոս