Հայաստանի նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի ու նրա կնոջ՝ Գոհար Սարգսյանի ունեցվածքը գերազանցում է 2 մլն դոլարը, սակայն` միայն պաշտոնական տվյալներով: Իրականում, բոլորին է հայտնի, թե նախկին վարչապետը որքան հարուստ պաշտոնյա է:
Տիգրան Սարգսյանի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2013թ. նա ունեցել է 36 միլիոն 423 հազար դրամ եկամուտ: Հաշվետու տարում նախկին վարչապետն ունեցել է 5,5 միլիոն դրամ և 952 հազար դոլար: 2013թ. նա վերանշանակվեց վարչապետի պաշտոնում, և այդ առիթով ներկայացրած հայտարարագրում նշել էր 2 բնակարան, 2 անհատական բնակելի տուն, 1 ավտոտնակ և 1 հողամաս:
Սարգսյանի կնոջ՝ Գոհար Սարգսյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները տարեսկզբից մինչև տարեվերջ աճել են 11 հազար դոլարով և30 հազար եվրոյով: 2013-ի սկզբին Գոհար Սարգսյանն ունեցել է 138 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 149 հազար դոլար և 30 հազար եվրո: Նա նաև փոխառություններ է տալիս, որի շնորհիվ 2013թ. 4,5 միլիոն դրամի չափով տոկոսներ է որպես եկամուտ ստացել: