Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գործող ահաբեկչական խմբերը կարող են հասնել Եվրոպա: Երեքշաբթի Կահիրեում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ հանդիպմանը նման նախազգուշացում է հնչեցրել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ աս-Սիսին:
Նրա խոսքով, չի կարելի սահմանափակվել միայն խմբավորումներից մեկի կամ առանձին ահաբեկչական ցանցերի դեմ պայքարով: «Այս պայքարը պետք է վերաբերվի նրանց բոլոր կառույցներին Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում», – ընդգծել է նա: Եգիպտոսի նախագահը նաև անթույլատրելի է համարում Պաղեստինի դեմ վերջերս Իսրայելի կողմից իրականացված ագրեսիայի հնարավոր կրկնությունը: Ըստ աս-Սիսիի՝ Պաղեստինի հարցի չլուծված լինելը բարդացնում է ոչ միայն պաղեստինցիների, այլև իսրայելցիների կյանքը:
Եգիպտոսի նախագահը նաև գտնում է, որ Լիբիայի հարցում միջազգային հանրությունը պետք է սատար կանգնի այդ երկրի ժողովրդի կամքի արտահայտմանը: