Ի՞նչ կտա Սարգսյան-Ալիև նոր հանդիպումը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն արդեն համաձայնել են բանակցություններ վարել Փարիզում: Այս մասին երեկ ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:

Ըստ նրա՝ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ կեսին՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ: Դեսպանը ընդգծել է, որ այդ հանդիպումը կարեւոր նշանակություն է ունենալու Ուելսում նախագահների բանակցություններից հետո:

Այսպիսով` օգոստոսյան լարվածությունից հետո սա կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ թվով երրորդ հանդիպումը: Նախ` ինչպես հիշում ենք, օգոստոսի 9-ին Ալիեւն ու Սարգսյանը հանդիպեցին Սոչիում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Դրանից հետո լրատվական դաշտը հեղեղվեց տարատեսակ վերլուծություններով այն մասին, թե այդպիսով Ռուսաստանը միանձնյա ազդեցության տակ է վերցնում հակամարտությունը եւ կասկածի տակ դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը: Նմանատիպ մեկնաբանությունների սնանկությունը, սակայն, ակնհայտ դարձավ շատ կարճ ժամանակ անց, երբ սեպտեմբերի 4-ին Ուելսում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, կայացավ նոր հանդիպում` այս անգամ արդեն ԱՄՆ պետքարտուղար Ջիմ Քերիի նախաձեռնությամբ:

Ու թեեւ Փարիզում կայանալիք հանդիպման շուրջ խոսվում էր դեռեւս մայիսին` ֆրանսուա Օլանդի՝ տարածաշրջան կատարած այցից անմիջապես հետո, ներկայիս փոքր-ինչ ուշացած համաձայնությունը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրներն էլ բանակցային գործընթացում դրսեւորում են հավասարաչափ ակտիվություն եւ նրանցից որեւէ մեկին առնվազն Ալիեւ-Սարգսյան հանդիպումների կազմակերպման տեսանկյունից ընդգծված առավելության հասնել չի հաջողվում: Դա հաստատվեց նաեւ այն հանգամանքով, որ երեկ Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի 69-րդ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման ծրագրերը չեղարկվեցին եւ այդպիսով ԱՄՆ-ը միմյանց հետեւից Սարգսյան-Ալիեւ երկու հանդիպում կազմակերպելու առավելությունը չունեցավ:

Այսպիսով` Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի հետ կապված՝ այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել երկու հանգամանք, որոնք երկուսն էլ, մեծ հաշվով, մեր շահերից են բխում: Առաջին. նախորդ նոյեմբերին Վիեննայում` երկամյա ընդմիջումից հետո կայացած Սարգսյան-Ալիեւ անհաջող հանդիպումից հետո միջնորդներն ակտիվ ջանքեր են գործադրում երկկողմ հանդիպումների պարբերականության վերականգնման ուղղությամբ: Երկրորդ. հաշվի առնելով այն, թե ինչպիսի հավասարակշռվածությամբ եւ հաջորդականությամբ են նախաձեռնվում այդ հանդիպումները համանախագահող երկրներից յուրաքանչյուրի կողմից` կարելի է ասել, որ ԵԱՀԿ Մինսկի ֆորմատի փոփոխության մասին խոսակցություններն այլեւս օրակարգում չեն: Համենայնդեպս` առաջիկա օրակարգում:




Լրահոս