“Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` ուրբաթ առավոտյան տրվել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության մեկնարկը: Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո առաջին անգամ է Հայաստանում կիրառվում էլեկտրոնային քվեարկություն, և առայժմ էլեկտրոնային տարբերակով կքվեարկեն միայն դիվանագիտական ծառայության անցածներն ու նրանց ընտանիքները:Էլեկտրոնային քվեարկությանը կարող են մասնակցել նաև Հայաստանի իրավաբանական անձանց արտերկրի մասնաճյուղերի` Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները:
Իրավաբանական անձանցից, սակայն, որևէ մեկը տվյալ չի ներկայացրել ԿԸՀ:
Այսօր առավոտյան ժամը 8-ից մեկնարկած էլեկտրոնային քվեարկությանը արտերկրում մասնակցող ընտրողների թիվը 238 է:Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 29-ին արտգործնախարարության ներկայացուցչին էր տրամադրել կնքված ծրարները, որոնցում, ըստ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի, կա համապատասխան ծածկաշերտով կոդ` վեցական թվերով, և ուղեցույց` էլեկտրոնային քվեարկության իրականացման կարգի, ժամկետների վերաբերյալ: Արտգործնախարարությունը ծրարները փոխանցել է արտերկրում բնակվող և հյուպատոսական ու դիվանագիտական ներկայացուցչություններում ծառայության անցած` Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձանց և նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներին: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ Էլեկտրոնային քվեարկությունը սկսվում է ընտրություններից 9 օր առաջ և ավարտվում ընտրությունից 5 օր առաջ, ինչը նշանակում է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը կավարտվի մայիսի 1-ին: Ընտրական գործընթացի կազմակերպման պատասխանատու պաշտոնյաները նշում են, որ էլեկտրոնային քվեարկության իրավունք ստացած ընտրողներն ունեն բավականին երկար ժամանակ քվեարկության համար. ընտրողը կարող է բազմաթիվ անգամ մուտք գործել նույն էջը, բազմաթիվ անգամ փոխել իր քվեն, ու միայն նրա վերջին քվեարկությունն է հաշվարկվում ձայների հաշվարկի ժամանակ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պարզաբանմամբ` սա արված է այն նկատառումով, որ եթե ընտրողը ինչ-որ տեղ վերահսկողության է ենթարկվել, եթե ընտրողի նկատմամբ կամ նրա կամքի նկատմամբ կիրառվել է որևէ ներգործություն, ապա նա հնարավորություն ունենա ցանկացած վայրից մուտք գործել ցանկացած համակարգիչ և փոփոխել իր քվեն:
Էլեկտրոնային քվեարկության մեկնարկի ժամը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ազդարարեց հինգշաբթի երեկոյան` հանձնաժողովի արտահերթ նիստում։ ԿԸՀ-ի նույն օրվա որոշմամբ հաստատվել է էլեկտրոնային քվեարկության սահմանված նմուշը: