Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ժողովուրդ»-ը` մայիսի 30-ին` Աշտարակի ավագանու նիստի ժամանակ, քաղաքապետ Արմեն Անտոնյանն առաջարկել էր կայացնել մի որոշում, համաձայն որի` Աշտարակի նոր կառուցվող սպորտդպրոցի հարակից՝ շուրջ 1300 քմ հողատարածքը պետք է աճուրդի հանվի՝ գազալցակայան կառուցելու համար:
Ավագանու անդամները 7 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ թույլ չէին տվել՝ հողատարածքի աճուրդն իրականանա՝ պատճառաբանելով, որ այդ տեղը գազալցակայանի համար հարմար չէ, քանի որ կողքին կառուցվում է մարզադպրոց, ԱԿԲԱ բանկի մասնաճյուղն է գտնվում հարևանությամբ, իսկ 30-40 մետր հեռավորության վրա կան բնակելի տներ:Այսինքն՝ գազալցակայանի շինարարության համար նախատեսված անվտանգության որևէ կանոն պահպանված չէ:
Armlur.am-ը զրուցել է Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ` տեղեկանալու՝ ինչ փուլում են գազալցակայանի շինարարական աշխատանքները:
«Իմ իրավասությունների մեջ չի մտնում այդպիսի հարցերի մասին խոսելը, Աշտարակում բազմաթիվ խնդիրներ կան ու այդ խնդիրներին լուծումներ առաջադրելն իմ ուժերից վեր է: Այդ տարածքի հողը ծրագրում ենք օտարման դնել»,- ասաց քաղաքապետը:
Իսկ մեր այն դիտարկմանը, թե համաձայն մեր տեղեկությունների` ավագանու անդամների նկատմամբ ճնշում է իրականացվել հողատարածքի աճուրդին դեմ գնալու համար, քաղաքապետը հետևյալ արձագանքով հանդես եկավ.«Շատ աշտարակցիներ ինձ իրենց թշնամին են համարում, բայց չեն գիտակցում, որ իմ ձեռքերում շատ քիչ բան կա»: