Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) ավարտվեց «Կախարդական լաբիրինթ» կրթական ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել էր 2014թ. ապրիլին և իրականացվում էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից, Beeline-ի հովանավորությամբ:
Ծրագիրն իրականացվում էր կենտրոնում ներկայացված Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի (1928-2000) «Ռեգենթագ» ցուցահանդեսի շրջանակներում: Այն նախատեսված էր ընտանիքների և 5 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար և բաղկացած էր երկու մասից. առաջին հատվածում մասնակիցները ցուցասրահում ծանոթանում էին Հունդերթվասերի ստեղծագործություններին, նրա հիմնական գաղափարներին, նկարչական ոճին: Այնուհետև, մասնակիցները ստեղծում էին իրենց «հունդերթվասերյան» աշխատանքները՝ օգտագործելով տարբեր բնական նյութեր:
«Անչափ տպավորված եմ երեխաների աշխատանքներով, ովքեր ջանք չխնայելով ցուցաբերել են յուրահատուկ ստեղծագործական մոտեցում և վառ երևակայություն։ Հավատացած ենք, որ այս ծրագիրն օգնել է դպրոցականներին և նրանց ընտանիքներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Լինելով արդյունքների ականատեսը մենք կշարունակենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ մեր ակտիվ մասնակցությունը սոցիալական ծրագրերի իրականացման գործում»,-նշեց Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ապրիլից մինչ օգոստոս Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Beeline-ի աջակցությամբ իրականացրել է «Կախարդական լաբիրինթ»-ի շուրջ 58 դասընթաց դպրոցների և ընտանիքների համար, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են մոտ 1,015 դպրոցականներ և ընտանիքներ: Ինչպես կենտրոնի կողմից իրականացվող բոլոր կրթական ծրագրերը, «Կախարդական լաբիրինթ»-ը նույնպես անվճար էր բոլորի համար: Մենք բարձր ենք գնահատում Beeline-ի աջակցությունը և հույս ենք հայտնում, որ այս համագործակցությունը կշարունակվի նաև այլ ծրագրերի շրջանակներում»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Նշենք, որ Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացվելիք հերթական ծրագիրը կմեկնարկի ս.թ. հոկտեմբեր ամսին։